Արայիկ Հարությունյանը որևէ նպատակ չունի ծանր պայմաններում խուսափելու ստանձնած պատասխանատվությունից․ խոսնակը՝ Արցախի նախագահի հրաժարականի լուրի մասին
«Արցախպրես»-ը շրջանառվող այս լուրերի շարքում ամենաքննարկվող թեմայի` Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի վերաբերյալ հարցադրում է կատարել նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, ով ի պատասխան նշել է, որ Արցախի Հանրապետության համար այս բարդ փուլում նախագահ Հարությունյանը շարունակում է իրականացնել իր պարտականությունները։
«Հատկապես այս ժամանակաշրջանում ներքին ցանկացած ցնցում Արցախի համար կարող է կործանարար լինել, և նախագահն իր լիազորությունների շրջանակներում բացառելու է նման իրավիճակները։
Նախագահը քանիցս հրապարակավ անդրադարձել է իր հրաժարականի թեմային և նրա ասածները մնում են ուժի մեջ, այն է՝ ինքը հրաժարական կտա առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ ստացվի ապահովել բնականոն իշխանափոխությունը և խուսափել վտանգավոր ցնցումներից: Արայիկ Հարությունյանը որևէ նպատակ չունի այսպիսի ծանր պայմաններում խուսափելու ստանձնած պատասխանատվությունից»,- ասել է Ավանեսյանը։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունների հարցին՝ նա հավաստիացրել է, որ շարունակվում են աշխատանքային հարաբերությունները, քննարկումներն ու, ըստ կարիքի՝ բանավեճերը:
«Սակայն ինչ ներքին քննարկումներ ու գործընթացներ էլ տեղի ունենան՝ նախագահ Հարությունյանը համոզված է, որ հայության տարբեր հատվածների միջև պառակտումն ու լարվածության աճն անընդունելի են և վտանգավոր»,- ընդգծել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը։
Կարծիքներ