Չի լինելու արցախցի, որ չստանա հասանելիք սոցիալական աջակցությունը. Մանե Թանդիլյան
Տուն կորցրած շուրջ 40 հազար արցախցու համար 8-10 հազար նոր բնակարան կպահանջվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ արդեն քննարկման փուլում է 7-8 հազար բնակարաններ կառուցելու հարցը՝ռուսական կողմի աջակցությամբ:
«Մեր առաջնահերթությունների շարքում է բնակարան կորցրած արցախցիներին կացարանով ապահովելու խնդիրը: Առայժմ հնարավորինս փորձում ենք գտնել ժամանակավոր լուծումներ՝ տեղավորելով Ստեփանակերտի հյուրանոցներում, տուն- ինտերնատում և այլն: Բացի այդ, քննարկվում է նաև ՀՀ-ում և Արցախում հյուրընկալող ընտանիքներին փոխհատուցման տրամադրման հնարավորությունը: Ըստ այդմ նախատեսվելու է, որ ՀՀ-ի բնակավայրերում հյուրընկալող ընտանիքին կտրամադրվի մեկ քաղաքացու հաշվով՝ 30 հազար դրամ, իսկ Արցախում ՝45 հազար դրամի չափով փոխհատուցում»,-մանրամասնեց նախարարը: Նրա խոսքով ներկայում առաջնահերթ է նաև ձմեռային եղանակով պայմանավորված խնդիրները:
«Այս ընթացքում տեղահանված արցախցիներին ըստ անհրաժեշտության շարունակական կերպով տրամադրվում են տաք հագուստներ ու անկողնային պարագաներ: Նախատեսվում է, որ կառավարությունը կփոխհատուցի կոմունալ վճարումները: Փոխհատուցման չափերի հետ կապված որոշ սահմանափակումները՝ մասնավորապես էլեկտրաէներգիայի պարագայում, պայմանավորված են միայն հոսանքագծերի ծանրաբեռնվածությունը հնարավորինս թեթևացնելով»,-ասաց Մանե Թանդիլյանը:
Անդրադառնալով սոցիալական աջակցության մյուս ծրագրերին նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է 250 հազար դրամի աջակցություն բոլոր այն արցախցիներին, ում բնակարանը վնասվել է պատերազմի հետևանքով:
«Այժմ ընթացքում են 68 հազար և 15 հազար դրամի աջակցության տրամադրման ծրագրերը: Մեկնարկել է նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախցիներին 300 հազար դրամի չափով փոխհատուցման հայտերի ընդունման և ճշգրտման գործընթացը: Այդ գումարի տրամադրումը, հայտերի հաստատումից հետո, նախատեսվում է ամենաուշը մինչև դեկտեմբերի վերջ: Հայտերը, բացի նախարարության համապատասխան ստորաբաժանումից, հնարավոր է լրացնել նաև առցանց տարբերակով, ինչպես նաև Ղարաբաղ Տելեկոմի սպասարկման կետերում»,-ասաց Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ չի լինելու որևէ արցախցի, որ չստանա օրենքով սահմանված իրեն հասանելիք աջակցությունը:
Վան Նովիկով
Կարծիքներ