Հնդկաստանը որոշել է փոխել անվանումը

Հնդկաստանը որոշել է փոխել անվանումը

Հնդկաստանի կառավարությունը մտադիր է փոխել երկրի պաշտոնական անվանումը և վերադարձնել նախկին անվանումը՝ «Բհարաթ»։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է հնդկական The Economic Times պարբերականից։

Նշվում է, որ համապատասխան բանաձևը կարող է ներկայացվել խորհրդարանի արտահերթ նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ից 22-ը։

Հնդկաստանի կոնգրեսի ղեկավար Ջայրամ Ռամեշը հաստատել է, որ G20-ի ընթրիքի պաշտոնական հրավերները Հնդկաստանի նախագահի անունից ուղարկվել են «Բհարաթի նախագահ» ձևով՝ սովորական «Հնդկաստանի նախագահի» փոխարեն։

«Այս տեղեկությունն իսկապես ճշմարիտ է», - գրել է նա X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։

Հնդկաստանի ժողովրդական կուսակցության անդամներից շատերը կողմ են արտահայտվել երկիրը «Բհարաթ» վերանվանելու մտադրությանը։

«Բրիտանացիները Բհարաթը վերանվանեցին Հնդկաստան... Մեր երկիրն արդեն հազարավոր տարիներ հայտնի է «Բհարաթ» անունով... Սա երկրի հին անվանումն է, որը հանդիպում է հին սանսկրիտ տեքստերում: «Հնդկաստան» անվանումը տրվել է Բրիտանական ռաջի կողմից և, այդպիսով, ստրկության խորհրդանիշ է: «Հնդկաստան» անվանումը պետք է ջնջվի Սահմանադրությունից»,-հայտարարել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի պատգամավորներից մեկը։

2022 թ. ՄԱԿ-ը բավարարեց Թուրքիայի խնդրանքը՝ բոլոր պաշտոնական փաստաթղթերում հանրապետության անվանումը Turkey-ից Türkiye փոխելու վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում