Ֆինլանդիան շաբաթների ընթացքում կհստակեցնի ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հետագա քայլերը
Ֆինլանդիան առաջիկա շաբաթներին կհստակեցնի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր որոշման առնչությամբ հետագա քայլերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:
Նա Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների համատեքստում նշել է՝ իրենք հանգում են մի իրավիճակի, երբ կարող է անհրաժեշտ լինել համագործակցություն՝ ակնարկելով ՆԱՏՕ-ին։
«Հունիսին Մադրիդում կկայանա ՆԱՏՕ-ի կարևոր գագաթնաժողովը: Իհարկե, ՆԱՏՕ-ն մտածում է, թե արդյոք Ֆինլանդիան և, հնարավոր է նաև Շվեդիան մինչ այդ կներկայացնե՞ն իրենց անդամակցության հայտերը», - ասել է Հաավիստոն:
Նա ասել է, որ կառավարությունը հաջորդ շաբաթ Ֆինլանդիայի խորհրդարանին կներկայացնի ակնարկ, թե ինչպես են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները փոխել Ֆինլանդիայի անվտանգությունը: Արտգործնախարարը նաև հավելել է, որ կառավարությունը պատրաստ է արագ առաջարկել ՆԱՏՕ-ին միանալ, եթե խորհրդարանի կողմից բավարար աջակցություն լինի:
Կարծիքներ