ՇՎՏՄ-ն կրկնայցերի ժամանակ խախտումներ է հայտնաբերել, կազմվել են արձանագրություններ
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում:
«Տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում մի քանի խախտումներ են արձանագրվել Դիլիջանի շինանյութի առևտրի կետերում, որտեղ բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:
Իջևան քաղաքում իրականացված մշտադիտարկման ընթացքում խախտումներ են արձանագրվել բենզալցակայաններում, որտեղ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Հուլիսի 25-ին տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 24 ժամով կասեցվել է մի քանի շինանյութի խանութների ու գազալցակայանների գործունեությունը: Դիտարկված հիմնական խախտումները կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների ու ջերմաչափերի հետ:
Մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում ՇՎՏՄ-ի կողմից շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ