Կրեմլը հարստացված ուրանի՝ ԱՄՆ արտահանման սահմանափակումներն անվանել է համաչափ պատասխան
Ռուսաստանի կողմից սահմանված ժամանակավոր սահմանափակումները հարստացված ուրանի՝ ԱՄՆ արտահանման նկատմամբ, պատասխան քայլ է և վնաս չի պատճառում ՌԴ շահերին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Խոսքը համաչափ պատասխանի մասին է, և իսկապես արգելք է սահմանվել, բայց այն դեպքերում, երբ դա համապատասխանում է մեր շահերին, ՌԴ տեխնիկական և արտահանման հսկողության դաշնային ծառայությունը կարող է որոշումներ կայացնել արգելքների այս ցուցակից բացառման վերաբերյալ։ Դրանով էլ այժմ կառաջնորդվենք: Ուստի այստեղ մեր շահերին որևէ վնաս պատճառելու մասին խոսք չկա», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նա հիշեցրել է, որ համապատասխան հանձնարարությունն այս տարվա սեպտեմբերին տվել է ՌԴ նախագահը։
«Այստեղ գլխավորն այն է, որ դա պետք է լիովին համապատասխանի մեր շահերին և վնաս չհասցնի սեփական շահերին: Այդպես էլ արվել է», - ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ կառավարությունը հարստացված ուրանն ԱՄՆ արտահանելու ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։
Խոսքը Միացյալ Նահանգներ հարստացված ուրանի արտահանման կամ ԱՄՆ-ում գրանցված անձանց հետ կնքված արտաքին առևտրային պայմանագրերի մասին է։ Որոշումն ընդունվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից 2024-2027 թվականների համար մտցված սահմանափակման, իսկ 2028 թվականից՝ ռուսական ուրանային արտադրանքի ներմուծման արգելքի, նշվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ