Թբիլիսիում նոր միջազգային օդանավակայան կկառուցվի
Վրաստանի կառավարությունը որոշել է Թբիլիսիում նոր օդանավակայան կառուցել, որի նախագծի արժեքը կազմում է 1,26 մլրդ դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։
«Տեղի է ունեցել տնտեսական խորհրդի նիստ, որտեղ մենք ընդունել ենք նոր մեգանախագծի իրականացման կարևորագույն որոշում: Մասնավորապես, Թբիլիսիում կկառուցվի նոր միջազգային օդանավակայան», - ասել է Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը դիտարկել է նախագծի երկու տարբերակ:
«Մեկը նշանակում էր հին օդանավակայանի ընդլայնում, մյուսը՝ նոր օդանավակայանի կառուցում Վազիանիում (խմբ․՝ ավան՝ Թբիլիսիից 25 կմ հեռավորության վրա): Ընդլայնման արժեքը կազմել է մոտավորապես 900 միլիոն դոլար: Նորի շինարարության գինը կազմում է մոտավորապես 1,26 մլրդ դոլար», - նշել է նա։
Կոբախիձեն հստակեցրել է, որ Թբիլիսիի օդանավակայանի ներկայիս թողունակությունը կազմում է տարեկան մինչև 4,5 մլն ուղևոր։
«Ընդլայնումը թույլ կտար ուղևորահոսքն ավելացնել առավելագույնը մինչև 15 միլիոն ուղևոր, և հետագա զարգացման հեռանկարներ չկային: Ինչ վերաբերում է նորի կառուցմանը, ապա դա մեզ հնարավորություն է տալիս ուղևորների թվաքանակը հասցնել մինչև 19 միլիոնի` հետագա ընդլայնման հեռանկարով, - ասել է վարչապետը։ - Ամեն բան հաշվի առնելով՝ մենք որոշում ընդունեցինք նոր օդանավակայան կառուցելու վերաբերյալ։ Նախագծումը և հայտամրցութների ընթացակարգերը կավարտվեն հաջորդ տարի, իսկ մի քանի տարի անց երկրում կհայտնվի միանգամայն նոր, գերժամանակակից օդանավակայան: Սա ամենակարևոր որոշումն է»:
Կարծիքներ