Վաշինգտոնը բարձրացնում է հարկերը պանդեմիայի ընթացքում հարստացածների համար
ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է բարձրացնել հարկերն ամենահարուստ ամերիկացիների համար, ովքեր տարեկան աշխատում են ավելի քան 400 հազար դոլար և մեծացրել են իրենց կարողությունը կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում։ Այս մասին հայտնել է Ջո Բայդենը Կոնգրեսում ելույթի ժամանակ։
«Ես չեմ բարձրացնի հարկերը մարդկանց համար, ովքեր տարեկան 400 հազար դոլարից քիչ են վաստակում։ Եկել է ժամանակը, որպեսզի ամենահարուստ ամերիկացիների 1 տոկոսը վճարի իր արդար բաժինը»,-ասել է Բայդենը։
Նախագահը հայտնել է, որ մտադիր է բարեփոխել կորպորատիվ հարկման համակարգը, որպեսզի հարուստ ընկերություններն օգնեն վճարել պետական ներդրումները, որոնցից շահում է իրենց բիզնեսը։ Նա նշել է, որ ամենահարուստ ամերիկացիների 1 տոկոսը, որոնք տարեկան ավելի քան 400 հազար դոլար են աշխատում, կվճարեն հարկեր 39․6 տոկոսի չափով։
Բայդենը քննադատել է իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի՝ հարկերը նվազեցնելու վերաբերյալ 2017 թվականի որոշումը։
Բայդենը փաստել է, որ կորոնավիրուսային պանդեմիան մեծացրել է ԱՄՆ-ում եկամուտների միջև եղած ճեղքը։ 20 մլն ամերիկացիներ մնացել են առանց աշխատանքի։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում մոտ 650 միլիարդատերերի մաքուր կապիտալը մեծացել է ավելի քան 1 տրիլիոն դոլարով, այժմ նրանց կարողությունը գերազանցում է 4 տրիլիոն դոլարը։
Դեռևս մարտի 15-ին Bloomberg-ը հայտնել էր, որ Բայդենը կիրականացնի 1993 թվականից ի վեր դաշնային հարկերի առաջին խոշոր բարձրացումը։
Կարծիքներ