ԱՄՆ-ում Apple-ի դեմ մեղադրանք են ներկայացրել շուկան մոնոպոլիզացնելու համար

ԱՄՆ-ում Apple-ի դեմ մեղադրանք են ներկայացրել շուկան մոնոպոլիզացնելու համար

ԱՄՆ արդարադատության նախարարությունը և երկրի 16 նահանգների գլխավոր դատախազները քաղաքացիական հակամենաշնորհային դատական ​հայց են ներկայացրել Apple-ի դեմ՝ ընկերությանը մեղադրելով սմարթֆոնների շուկան մոնոպոլիզացնելու կամ մոնոպոլիզացնելու փորձի մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ Apple-ի սահմանափակող գործողությունները ամերիկացիների համար «դժվարացնում են այլ (խմբ․՝ արտադրողի) սմարթֆոնի անցնելը, խաթարում են հավելվածների, ապրանքների և ծառայությունների նորարարությունը և զգալի ծախսեր են առաջացնում մշակողների, բիզնեսների և սպառողների համար։

«Սպառողները չպետք է ավելի բարձր գին վճարեն այն պատճառով, որ ընկերությունները խախտում են հակամենաշնորհային օրենքները։ Մենք ենթադրում ենք, որ Apple-ը մենաշնորհային դիրք է պահպանում սմարթֆոնների շուկայում ոչ միայն այն պատճառով, որ առաջ է անցել մրցակիցներից, այլ նաև խախտելով դաշնային հակամենաշնորհային օրենքները», - ասել է ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը։

Apple-ին մեղադրում են այն բանում, որ ընկերությունն, ի թիվս այլ բաների, արգելափակում է լայն ֆունկցիոնալությամբ հավելվածները, որոնք թույլ կտային հաճախորդներին ավելի հեշտությամբ տեղափոխվել սմարթֆոնների այլ հարթակներ: Բացի այդ, նախարարության հայցում ասվում է, որ Apple-ը սահմանափակում է հավելվածների և ամպային հոսքային ծառայությունների մշակումը, որոնք հնարավորություն կտային «վայելել բարձրորակ տեսախաղեր և ամպային ծառայությունների վրա հիմնված այլ հավելվածներ՝ առանց սմարթֆոնների թանկարժեք սարքավորումների համար վճարելու»:

Apple-ն արձագանքել է՝ նշելով, որ դատական հայցի հաջողության դեպքում ընկերությունը չի կարողանա «մշակել այնպիսի տեխնոլոգիաներ, որ սպասում են իրենից մարդիկ, որոնցում փոխկապակցված են ապարատային և ծրագրային ապահովումն ու ծառայությունները»։

«Դա վտանգավոր նախադեպ կստեղծի՝ կառավարությանը հնարավորություն տալով խստորեն վերահսկել մարդկանց համար տեխնոլոգիաների մշակումը», - Apple-ի հայտարարությունից հատված է մեջբերում Associated Press-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում