Արայիկ Հարությունյանը տեսնում է Արցախում ռուսական զորքի մշտական ներկայության անհրաժեշտություն

Արայիկ Հարությունյանը տեսնում է Արցախում ռուսական զորքի մշտական ներկայության անհրաժեշտություն

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ Արցախը ինքնուրույն և միայնակ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը:

Հարությունյանն այս մասին ասել է Մարտակերտի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Հաղթանակը վերջնական չէ, պարտությունը ճակատագրական չէ: Քաջություն ունենալ շարունակել. կարևորը դա է: 30 տարվա ընթացքում ունեցել ենք և հաղթանակ, որը ես կանվանեմ ժամանակավոր հաջողություն, որովհետև եթե հաղթանակը վերջնական չէ, չի կարող հաղթանակ լինել: Ունեցել ենք անհաջողություն` դա պարտություն չէ, բայց մենք պետք է գտնենք, վերագտնենք մեզ, շարունակենք մեր պայքարը: Մեր այսօրվա աշխատանքով պայմանավորված է ոչ միայն մեր առօրյան, մեր կյանքն ու գործունեությունը, այլ մեր երեխաների, մեր սերունդների ճակատագիրը»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահն ընդգծեց`Արցախում ռուսական զորքի առկայությունը ոչ թե պետք է լինի ժամանակավոր, այլ մշտական:

«Եթե չլիներ ռուսական զորքի մուտքը տարածաշրջան, ապա շատ ավելի ուրիշ ճակատագիր մենք կունենայինք: Կան տարբեր հիմար մեկնաբանություններ, ոմանք իրենց արդարացնելու կամ մեղքը ուրիշի վրա բարդելու համար տարբեր բաներ են ասելու»,- եզրափակեց Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը նաև հավելեց, որ բԱրցախյան 44-օրյա պատերազմում դավաճան չի եղել, դավաճանություն չի եղել, հայ ժողովուրդը կռվել է աշխարհի դեմ՝ ունենալով  շատ սահմանափակ հնարավորություններ: «Միանշանակ ուզում եմ իմանաք, դավաճան չի եղել, դավաճանություն չի եղել, մենք կռվել ենք աշխարհի դեմ: Որևէ մեկի վրա հույս չդնեք, թե այդ մեկը կարող է գալ այս երկիրը փրկել: Փրկողները մենք ենք՝ այստեղ ապրողները: Դրա համար պետք է գիտակցենք մեր անելիքները»,- ասաց Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում