Օրբանը հայտարարել է, որ Եվրոպան Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման փուլում է
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրոպան թևակոխել է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման երեք փուլերից երկրորդը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Պատերազմը մի ակնթարթում չի լինում, այլ ունի երեք փուլ՝ քննարկում, նախապատրաստում և հետո՝ ավերածություն: Մենք արդեն դուրս ենք եկել խոսակցությունների շրջանակներից, այժմ վերլուծում ենք պատրաստվելու հարցը, իսկ դա նշանակում է, որ մենք «սանտիմետրերով» ենք հեռու փաստացի ավերածությունից», - նրա խոսքերն է մեջբերում հունգարական Hirado պարբերականը։
Օրբանն անհեթեթ է համարել ամբողջ Եվրոպան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու` ՆԱՏՕ-ի ձգտումը և նշել է, որ դա նման է հրանետով հրդեհը մարելուն։ Հունգարիայի վարչապետը հիշեցրել է, որ դաշինքը պաշտպանական դաշինք է, այլ ոչ թե ռազմական:
Օրբանը նաև հայտարարել է, որ հունգարացիները ձգտում են խաղաղության և «չեն կարծում, որ Եվրոպան կարող է դիմանալ ևս մեկ պատերազմի»։
Կարծիքներ