Ավստրալիայում գրանցվել է Omicron կորոնավիրուսային շտամից մահվան առաջին դեպքը

Ավստրալիայում գրանցվել է Omicron կորոնավիրուսային շտամից մահվան առաջին դեպքը

Ավստրալիայում գրանցվել է Omicron կորոնավիրուսային շտամից մահվան առաջին դեպքը։ Սիդնեյի թագավորական «Արքայազն Ալֆրեդ» հիվանդանոցում մահացել է 80-ն անց մի տղամարդ: Սա առաջին հայտնի մահն է Ավստրալիայում, որը կապված է Omicron շտամի հետ, ասվում է Ավստրալիայի առողջապահության դեպարտամենտի Twitter-ում:

Նշվում է, որ տղամարդը պատվաստվել է COVID-19-ի դեմ, ինչպես նաև ստացել է պատվաստանյութի խթանիչ չափաբաժին, սակայն նաև առողջական լուրջ խնդիրներ է  ունեցել: Տղամարդը վարակվել է կորոնավիրուսով տարեցների խնամքի հաստատությունում։

Ինչպես նախազգուշացրել է Մելբուռնի համալսարանի գիտնականների խումբը, հաջորդ տարի եթե չլինեն խիստ սահմանափակումներ, նոր շտամով վարակման դեպքերի թիվը կարող է երկրում հասնել օրական 200 հազարի։

Դեկտեմբերի 26-ին թերապևտ, թունաբան Ալեքսեյ Վոդովոզովն ասել էր, որ հիբրիդային իմունիտետ ունեցող մարդիկ լավագույն պաշտպանությունն ունեն Omicron-ից, այսինքն՝ նրանք, ովքեր և՛ վարակված են եղել COVID-19 վիրուսով, և՛ պատվաստվել են։

Ավելի վաղ նոր շտամից մահվան առաջին դեպքերի մասին հայտարարել էին Գերմանիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան: Ըստ բրիտանացի մասնագետների՝ վատագույն սցենարի դեպքում հինգ ամսում այդ երկրում վարակից կարող է մահանալ մինչև 75 հազար մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում