ԼՂ-ից տեղահանված 44 անձ վերապատրաստվել և դարձել է հրուշակագործ ու դերձակ

Լեռնային Ղարաբաղից 44 մասնակից հաջողությամբ ավարտել է հրուշակագործության և կարի մասնագիտական դասընթացները Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում (ՍԵՊՖԱ)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երկամսյա անվճար դասընթացները կազմակերպվել էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից փախստականներին և հյուրընկալ համայնքներին» ծրագրի շրջանակում, և ֆինանսավորվել Ֆրանսիայի կառավարության կողմից։
Սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել սերտիֆիկատների հանձնման հանդիսավոր արարողությաունը։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյեն և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Նրանք շրջել են կենտրոնում և մասնակցել հրուշակագործության վարպետաց դասին։ Դեսպան Դեկոտինյեն և Նաթիա Նացվլիշվիլին շահառուների հետ միասին տեղում պատրաստել են շոկոլադե լավա-թխվածք։
«Ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոնում արդեն դասավանդվում են բազմաթիվ տարբեր մասնագիտություններ։ Այս կենտրոնը, որը ֆինանսավորվում է ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության կողմից, կշարունակի իր նվիրումը՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից փախստականներին», – նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյեն։
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին էլ ընդգծել է, որ նախագիծը նպատակ ունի ամրապնդել Լեռնային Ղարաբաղից փախստականների կենսապահովման միջոցները և նրանց ինտեգրումը։
«Շնորհակալ ենք, որ Ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը հատկացրել է միջոցներ, որոնց շնորհիվ կարողացանք աջակցել կենտրոնին և վերապատրաստել 44 մասնակիցների», – շետել է նա:
Բոլոր մասնակիցները ստացել են վկայականներ և նվերներ, իսկ 24 լավագույնները՝ մասնագիտական գործիքակազմեր՝ սեփական փոքր բիզնեսը սկսելու համար։
Հատկանշական է, որ մասնակիցներն այժմ վստահորեն կարող են աշխատանքի անցնել որևէ կազմակերպությունում կամ հիմնել իրենց սեփական բիզնեսը։
Կարծիքներ