ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները շեշտել են Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման անթույլատրելիությունը

ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները շեշտել են Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման անթույլատրելիությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին սեպտեմբերի 15-ին ունեցած հեռախոսազրույցում շեշտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անվերապահ պահպանման և ուժի կիրառման անթույլատրելիության անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

ՀՀ ԱԳ նախարարը խոստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման դեպքերը։

Երկուստեք շեշտվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անվերապահ պահպանման և ուժի կիրառման անթույլատրելիության անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հրադադարի ռեժիմի պահպանման, ադրբեջանական ագրեսիայի հետևանքերի վերացման և նոր ագրեսիայի հավանականության բացառման համատեքստում նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության հստակ, հասցեական ու համարժեք արձագանքի կարևորությունը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման նպատակով գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում