Էրդողանը խոսել է Թուրքիայում ընտրությունների ընթացքի մասին

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվում են առանց որևէ խնդրի։
Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի ներկայիս նախագահ Թայիփ Էրդողանը, որն առաջադրվել է նոր ժամկետի համար։
«Ներքին գործերի նախարարից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ընտրություններն անցնում են առանց խնդիրների և միջադեպերի: Հուսով եմ, որ դրանք օգուտ կբերեն ժողովրդավարությանը»,- ասել է Էրդողանը Ուսքուդար շրջանի դպրոցում բացված ընտրատեղամասում քվեարկությունից հետո։
Նա բոլոր ընտրողներին կոչ է արել մասնակցել քվեարկությանը, որը կավարտվի տեղական ժամանակով ժամը 17:00-ին (ՀՀ ժամանակով 18:00):
«Ես լավ ապագայի հույս ունեմ ձայների հաշվարկի ավարտից հետո: Կոչ եմ անում մեր բոլոր ընտրողներին առանց կասկածի մինչև ժամը 17:00-ն մասնակցել քվեարկությանը՝ ցույց տալու թուրքական ժողովրդավարության ուժը»,- ասել է թուրք առաջնորդը:
Քվեարկության վայրում անվտանգության միջոցներ են ձեռնարկվել, իսկ դպրոց մտնողներին հատուկ ծառայությունների ներկայացուցիչները զննել են։ TRT հեռուստաալիքը հիշեցնում է, որ Էրդողանը ավանդաբար քվեարկում է Սաֆեթ Չեբիի ավագ դպրոցի ընտրատեղամասում։
Կարծիքներ