Դանակով զինված տղամարդը հարձակվել է 90-ամյա կնոջ վրա, պոկել ականջօղերն ու կախազարդը և փախել
Այսօր զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamsyan-com-ը:
Ժամը 12:15-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Վաղաշեն գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են 90-ամյա Ռոզա Կ.-ին՝ զույգ ականջի բլթակների պատռված վերքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տարեց կնոջ նկատմամբ զինված ավազակային հարձակում է կատարել նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Ա. Մելքոնյանը:
Նա դիմակավորված ու դանակով զինված մուտք է գործել տարեց կնոջ տուն, ապա տնից դուրս հանել, ծեծի ենթարկել, այնուհետև քաշել ու պոկել է ոսկյա ականջօղերը, պարանոցի ոսկյա կախազարդը, հետո դանակով վնասել է ձախ ձեռքի նախաբազկի հատվածը ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու դիմել փախուստի:
Կասկածյալը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին: Նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, բժշկական դիմակ, տուժածի պարանոցից հափշտակած կախազարդն ու ականջօղերից մեկը:
Կարծիքներ