Էլեն Խաչիկյանը դաշնակահարների միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրիի
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը (ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան) միջազգային մրցույթներում ունեցած իր հաղթարշավում գրանցել է ևս մեկ հաղթանակ. նա Գդանսկում (Լեհաստան) կայացած դաշնակահարների միջազգային առցանց մրցույթում արժանացել է «Գրան պրի» մրցանակի։
Այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Ըստ աղբյուրի՝ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Ծրագրում ընդգրկված են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուրի, ջութակի, թավջութակի մասնագիտություններով:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելիության բարձրացումը, մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին, ավագ սերնդի փորձի փոխանցման լիարժեք պայմանների ստեղծումը:
Կարծիքներ