Տնտեսագիտության պահանջարկը նվազել է. ո՞ր մասնագիտություններն են դիմորդների համար առավել նախընտրելի

Տնտեսագիտության պահանջարկը նվազել է. ո՞ր մասնագիտություններն են դիմորդների համար առավել նախընտրելի

Հանրապետությունում 2021 թվականի բուհերի ընդունելության քննություններն ավարտվել են ճիշտ ժամանակին, առանց որևէ լուրջ խնդիրների:

 Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ բուհերին հատկացված անվճար տեղերի թիվը 1 800 էր, իսկ վճարովի տեղերի թիվը՝ 21 հազար 820: Գնահատման և թեստավորման կենտրոնում միասնական քննությունների համար հայտագրվել էր 11 հազար 58 դիմորդ, ընդունվել է 8 հազար 83-ը:

«Դիմորդների շրջանում ամենաշատ պահանջվածը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող մասնագիտություններն են: Պահանջված էր իրավագիտությունը, այստեղ կցանկանայի ավելացնել, որ իրավագիտության դիմորդների գրեթե կեսն ընդունվել է: Դրանցից բացի, պահանջված էին նաև բժշկական մասնագիտությունները, մասնավորապես, բուժական գործը և ստոմատոլոգիան»,- ասաց Կարո Նասիբյանը:

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրենը նկատեց, որ եթե տարիներ շարունակ պահանջված էին տնտեսագիտական ուղղվածությամբ մասնագիտությունները, հատկապես, «Ֆինանսներ և վարկ»-ը, «Կառավարում»-ը,  ապա այս տարի կարելի է ասել, որ մրցակցություն չի եղել և ցածր միավորներով դիմորդներն ընդունվել են այդ բաժիններ:

Քիմիային առնչվող մասնագիտությունները, կրոնագիտությունը, ինչպես նաև աստվածաբանության, արվեստաբանության ուղղությունները դիմորդների կողմից քիչ ուշադրության են արժանացել: Նշված ուղղություններով թափուր տեղերի թիվը բավական մեծ է:  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում