Սուրիկ Խաչատրյանի որդիների և այլ անձանց անօրինական վարորդական վկայականներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Սյունիքում անօրինական կերպով վարորդական վկայականներ ձեռք բերելու դեպքի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնում մայիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հարուցել է քրեական գործ և քննչական ենթակայության կարգով ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ՃՈ իրավասու պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, մասնավորապես՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում հաշվառված 12 անձանց օրենքով սահմանված կարգով չեն զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում հաշվառված անձանց տրամադրել են վարորդական իրավունքի վկայական»,- հայտնեցին դատախազությունից:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ոստիկանության Գորիսի բաժնի հետախուզության բաժանմունքում պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Ռոբերտ Առուշանյանը, 45-ամյա Գեղամ Հախվերդյանը, 52-ամյա Գևորգ Միքայելյանը, 50-ամյա Արտեմ Դինունցը, 64-ամյա Սեյրան Խաչատրյանը, որոնք հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, կասկածվում են անօրինական գործարք կատարելու համար։
Իսկ Երևանի բնակիչներ 28-ամյա Տիգրան Խաչատրյանը, 26-ամյա Տրդատ Խաչատրյանը, Սյունիքի մարզի բնակիչներ 46-ամյա Արսեն Դադալյանը, 25-ամյա Հրաչ Հայրապետյանը, 59-ամյա Սարգիս Քումունցը, 28-ամյա Էդուարդ Մաշուրյանը և 41-ամյա Մայիս Խաչատրյանը նույնպես հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, սակայն հաշվառվելուց հետո չեն զրկվել վարորդական իրավունքի վկայականներից, այդկերպ խախտվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի պահանջները։
Նշենք, որ, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, անօրինական վարորդական իրավունքներ ստացած անձանց մեջ մեծ թիվ են կազմում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) մերձավորները, իսկ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները վերջինիս որդիներն են։
Կարծիքներ