Ընդդիմությունը ցայտնոտի մեջ է. սկսել են վարկաբեկել իրավապահ համակարգը
Մի քանի շաբաթ շարունակվող անհնազանդության ակցիաները, քայլերթերն ու հանրահավաքները ընդդիմության ղեկավարներին հուսահատության են հասցրել։ Քաղաքը «կանգնեցնելու» ձախողված փորձերից հետո իրենք են կանգնել փակուղու առաջ։
Շարունակե՞լ ոչինչ չտվող ակցիաները և կորցնել առանց այդ էլ սակավաթիվ համակիրների աջակցությունը, թե՞ այնուամենայնիվ գտնել որևէ ելք այս վիճակից դուրս գալու։ Իշխան Սաղաթելյանի հայտարարած մարտավարության փոփոխությունը կարծես նկատելի է առայժմ տեղեկատվական դաշտում։ Այսօր վաղ առավոտից լայնածավալ մեդիատեռոր են հայտարարել Ոստիկանությանը, և տողատակում հասկանալի է, որ բոլոր սլաքները ուղղում են ոստիկանության դեմ, փորձելով իրենց ակցիաների տապալման պատճառը համարել ոստիկանության գործողությունները։
Շաբաթներ շարունակ իրենց դատապարտելի արարքներին հնարավորինս զուսպ երբեմն անգամ անհամաչափ արձագանք տվող Ոստիկանության աշխատակիցները հայտնվել են ընդդիմության թիրախում, գրում է MediaNews-ը։
Մոտիվը միանգամայն հասկանալի է, իրենց հարկավոր է, որևէ արդարացում, որևէ արգումենտ փողոցային պայքարի լիակատար ձախողումը ինչոր կերպ հանրությանը մատուցելու։ Եւ ահա ընտրվել է հասարակական կարգը պահպանող ոստիկանական աշխատակիցների գործունեությունը թիրախավորելու մարտավարությունը։ Ոստիկանության աշխատակիցներին իրենց կողմը գրավելու անհաջող փորձերից հետո, երբ օրեր առաջ կեղծ տեղեկություններ էին հայտնում, թե ոստիկանները դիմում են գրում և միանում իրենց, այսօր ընտրվել է ամբողջ իրավապահ համակարգը վարկաբեկելու տակտիկան։
Կարծիքներ