Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերաբացվի Լաչինի միջանցքը. Բլինքեն

Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերաբացվի Լաչինի միջանցքը. Բլինքեն

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատասխանել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին կոնգրեսականների հարցերին:

«Ես ակտիվորեն զբաղվում եմ՝ հասկանալու, թե ինչով կարող ենք օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հասնելու խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի նրանց միջև հարաբերությունները, ինչպես նաև կվերաբերի Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և նրանց համար ապահովվող պաշտպանություններին, սահմանների դելիմիտացիային և այլ հարցերի։

Ես կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում գերագնահատել, բայց կա հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը։ Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում ես հանդիպում ունեցա վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ։ Հետո Վաշինգտոն եկան երկու արտգործնախարարները։

Ակնկալում եմ, որ նրանք նորից կգան։ Մենք աշխատել ենք շարադրանքի շուրջ․ այստեղ մենք ոչինչ չենք պարտադրում Հայաստանին, այլ պարզապես արձագանքում ենք Հայաստանի հայտնած մեծ ցանկությանը՝ տեսնելու, թե արդյոք մենք կարող ենք օգնել հասնել համաձայնության, որը գոնե շատ առումներով վերջ կդներ ավելի քան 30 տարի տևողությամբ հակամարտությանը։

Դժվար է, կան խնդիրներ։ Միաժամանակ, դուք իրավացիորեն մատնանշում եք իրական խնդիրներ Լաչինի միջանցքում, որպեսզի լինի մարդկանց, մասնավոր քաղաքացիների շարժ, առևտրային փոխադրումներ՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հասցնելու այն, ինչ անհրաժեշտ է։ Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, և հենց այս շաբաթ, որպեսզի վերաբացվի միջանցքը։ Մենք աշխատում ենք այս հարցի ուղղությամբ։

Առանց չափազանցության, ես կարծում եմ, որ այժմ կա բարենպաստ պահ, որը խորապես բխում է Հայաստանի ժողովրդի, ինչպես նաև Ադրբեջանի շահերից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում