ՀՀ արբանյակների առնչությամբ որևէ պետության կողմից բողոք երբևէ չի ստացվել, դրանք չեն խափանել այլ ծրագրեր. պարզաբանում
ՀՀ արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախությունները որևէ խանգարում չեն ստեղծել այլ պետությունների գործող արբանյակների և արբանայակային ցանցերի ռադիոհաճախականություններին։ Որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չի ստացվել:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը՝ ի պատասխան մամուլում տեղ գտած այն լուրերին, թե «Արմսաթ1» և «Հայասաթ-1» արբանյակները խափանում են մի շարք երկրների արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը:
«Խանգարումների մասին խոսելիս՝ հարկ է նշել, որ դրանք նախևառաջ հարկավոր է արձանագրել տիեզերական մշտադիտարկման համապատասխան համակարգերով և տեխնիկապես հիմնավորել խանգարման առաջացման փաստն ու աղբյուրը։ Ներկա դրությամբ ՀՀ տարածքից և ՀՀ արբանյակներից արբանյակային ցանցերի ռադիոհաճախությունների խանգարման որևէ դեպքի հաստատման նախադեպ չենք ունեցել։
ՀՀ արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախությունները որևէ խանգարում չեն ստեղծել այլ պետությունների գործող արբանյակների և արբանայակային ցանցերի ռադիոհաճախականություններին։ Որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չենք ստացել :
Արբանյակների արձակումը, ինչպես նաև արբանյակների ռադիոհաճախությունների օգտագործումը համակարգվում է Ռադիոկապի Կանոնակարգի Հոդված 9 համաձայն, իսկ նրանց կատարումը հսկվում է Հեռահաղորդակցության Միջազգային Միության կողմից (ՀՄՄ) և ցանկացած խախտում անմիջապես բարձրաձայնվում է:
ՊՈԱԿ-ի գործառույթների շրջանակում համագործակցել ենք թե΄ «Գեոկոսմոս» ընկերության, թե΄ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամի հետ՝ համապատասխանաբար «Արմսաթ1» և «Հայասաթ-1» արբանյակները Հեռահաղորդակցության Միջազգային Միության (ՀՄՄ) տեղեկատվական շտեմարանում ներառելու համար։ Հայտերում ներառված են բազմաթիվ տեխնիկական տվյալներ և վերլուծություններ, որոնք հաշվի են առնվում արբանյակի թողարկման ժամանակ: Հայտերը պատրաստ լինելուց հետո ՀՄՄ կողմից մշակված համապատասխան ծրագրային ապահովումով իրականացվել են նշված հայտերի փորձաքննություններ, որից հետո միայն նրանք ուղարկվել են ՀՄՄ: Արբանյակների հայտերի թողարկումից հետո, համաձայն Ռադիոկապի Կանոնակարգի Հոդված 9-ի տարբեր կետերի, բոլոր շահագրգիռ պետությունները իրենց մեկնաբանություններն են ուղարկել ՀՄՄ՝ հետագայում արբանյակների հետ կապված համակարգման աշխատանքներ իրականացնելու համար: ՀՀ արբանյակների վերաբերյալ ներկայացված տեղեկատվության շրջանակում ՀՄՄ անդամ երկրներից ստացվել են որոշ մեկնաբանություններ՝ հետագա հնարավոր խնդիրները, խանգարումները բացառելու նպատակով։ ՀՄՄ անդամ երկրների հետ նման ընթացակարգային հաղորդակցության գործընթացը աշխատանքային բնականոն գործընթաց է, որը շարունակական բնույթ է կրում։
Մենք նույնպես ուսումնասիրում ենք նոր հրապարակված տեղեկատվությունն այլ արբնայակների վերաբերյալ և հարկ եղած դեպքում մեր մեկնաբանություններն ու դիտողությունները ներկայացնում այլ երկրներին»,- նշել է Հարությունյանը:
Կարծիքներ