ԱՄՆ-ի 6 խոշոր քաղաքների քաղաքապետներ դիմել են Կոնգրեսին՝ խնդրելով կրճատել Թրամփի լիազորությունները

ԱՄՆ-ի 6 խոշոր քաղաքների քաղաքապետներ դիմել են Կոնգրեսին՝ խնդրելով կրճատել Թրամփի լիազորությունները

 ԱՄՆ-ի 6  քաղաքների քաղաքապետները պահանջել են, որ Կոնգրեսը ընդունի օրենք, որով նախագահ Թրամփին արգելում են լրացուցիչ ոստիկանական ուժեր ուղարկել նահանգներ ՝ այնտեղ  անկարգությունները ճնշելու համար, եթե չկա իրենց համաձայնությունը: Հանգստյան օրերին ԱՄՆ-ում բռնկված բողոքի ցույցերի նոր ալիքը Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներում ստիպեց նրանց դիմել այս քայլին՝ երկրի նախագահի լիազորությունները սահմանափակելու պահանջով:

Քաղաքապետների խոսքով, ցուցարարները միայն իրացնում են Սահմանադրությամբ երաշխավորված իրենց իրավունքները՝ խաղաղ ցույցեր անցկացնելով, մինչդեռ դաշնային իշխանությունների կողմից բողոքի ցույցերը բռնի կերպով ճնշելու փորձերը սադրում են ցուցարարներին ու  պատճառ են դառնում բռնարարքների բռնկման: Իրենց հայտարարության մեջ նաեւ նշել են, որ ամերիկացիները բողոք են արտահայտում Ջորջ Ֆլոյդի, Բրենի Թեյլորի, Ահմաուդ Էրբերի սպանությունների դեմ: Հայտարարությունը ստորագրել են Չիկագոյի, Սիեթլի, Փորթլենդի, Ալբուկերկեի, Քանզաս-Սիթիի եւ Վաշինգտոնի քաղաքապետները: Նրանք հայտարարում են, որ ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի գործողությունները՝ ուղղված հատուկ ջոկատայինների օգնությամբ խաղաղ ցույցերը ճնշելու եւ մարդկանց իրավունքների սահմանափակման դեմ, անհանգստացնող են եւ չունեն վերը նշված  քաղաքների իշխանությունների աջակցությունը:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ դաշնային գործակալները ապօրինաբար են գործում, աշխատում են անպատժելիության մթնոլորտում եւ չեն հարգում օրենքը, ինչի կապակցությամբ էլ քաղաքապետները Կոնգրեսից պահանջում են Թրամփին արգելել նահանգներ ուղարկել  լրացուցիչ ոստիկանական ուժեր՝ առանց տեղական իշխանությունների համաձայնության:

ԱՄՆ-ում ցույցերը շարունակվում են՝ արդեն  նոր կոչերով: Մինչ այսօր ցուցարարները բողոքում էին ռասայական խտրականության, ոստիկանական բռնության  դեմ, իսկ այսօր արդեն ներակայանում են Փորթլենդի ցուցարարներին աջակցություն հայտնող պաստառներով, որտեղ վերջերս ուժայինները բռնի ուժով ցուցարարներին հեռացրել էին խաղաղ հավաքի տարածքներից, ծեծի ենթարկել:

Օրեգոն նահանգում շարունակվում են ոստիկանական բախումները ցուցարարների հետ, կիրառվում է արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, մինի-ռումբեր եւ բիրտ ուժով ձերբակալումներ: Ընդ որում, անհայտ ստորաբաժանման ծառայողները չեն լսում անգամ տեղական իշխանություններին: Օրինակ, նախորդ շաբաթ Փորթլենդում տուժել է նաեւ քաղաքապետ Թեդ Ուիլլերը՝ արցունքաբեր գազից: Նա դժգոհություն է հայտնել, որ ուժայինները, առանց քաղաքային իշխանությունների կարծիքն ու թույլտվությունը ստանալու, համայնքային տարածքում 2 մետրանոց պարիսպներ են տեղակայում՝ թույլ չտալով ցուցարարներին ազատ տեղաշարժվել քաղաքի փողոցներով:

Արդեն ստեղծվում են նոր շարժումներ, խաղաղ հավաքները վերածվում են պաշտպանական մարտերի: Արդեն կազմվել է «մայրերի պատ» (Wall of Moms), որի ժամանակ կանայք կենդանի պատ են կազմում ցուցարարների եւ ուժայինների միջեւ՝ փորձելով կանխել բախումները: Բացի այդ, կազմվել է նաեւ «վետերանների պատ» (Wall of Vets), որով էլ նախկին զինծառայողներն են փորձում պաշտպանել երիտասարդ ցուցարարներին:

Ի պատասխան 6 խոշոր քաղաքների քաղաքապետների դժգոհություններին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուժայինները փայլուն են աշխատում ու ինքը ավելացնելու է նրանց թիվը՝ այդպիսի ստորաբաժանումներ տեղակայելով Նյու-Յորքում, Չիկագոյում, Ֆիլադելֆիայում, Դեթրոյթում, Բալթիմորում ու Օքլենդում, հիմնական առաջադրանքը լինելու է ցույցերի ցրումն ու բողոքի ակցիաների կանխումը:

Թվիթերի իր էջում թրամփը սպառնացել է Փորթլենդի ցուցարարներից յուրաքանչյուրին պատասխանատվության ենթարկել՝ մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ:

Թրամփի գործողությունները, սակայն, հակառակ արդյունք են ունեցել: Այժմ արդեն, Փորթլենդի ցուցարարների պաշտպանության համար բողոքի ակցիաներ են սկսվել ԱՄՆ-ի ամբողջ տարածքում: 2 օրերի ընթացքում որոշ շրջաններում ցույցերը վերածվել են ոստիկանների հետ ծեծկռտուքի, դաշնային կառույցների հրկիզման փորձերի, ամբողջ երկրում ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել:

Քենտուկի եւ Կոլորադո նահանգներում ցույցերի ժամանակ կրակոցներ են հնչել, փոխհրաձգության հետեւանքով  մի քանի մարդ է վիրավորում ստացել: Տեհաս նահանգի Օստինե քաղաքում ցույցերի ժամանակ 28-ամյա քաղաքացի է սպանվել: Տեղի ոստիկանության տվյալներով, այդ երիտասարդը մշտապես մասնակցել է ցույցերին մայիսից սկսած եւ իր մոտ մշտապես ունեցել է օրինական գրանցված AK-47 ավտոմատ: Նա սպանվել է մեկ այլ ցուցարարի կողմից, որը քիչ ուշ հայտարարել է, թե ինքնապաշտպանվել է, քանի որ երիտասարդը սպառնացել է իրեն զենքով: 

Կոլորադո նահանգի Ավրորո քաղաքում հանգստյան օրերին ցույցերի ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցները կոտրել են շրջանային դատարանի ապակիները, այնուհետ՝ փորձել հրդեհել այն, այնուհետ փողոց են փակել: Սկսվել է վեճ վարորդների ու ցուցարարների միջեւ, որն ուղեկցվել է կրակոցներով, 2 մարդ վիրավորում է ստացել:

Քենտուկի նահանգում փողոցներ են դուրս եկել զինված սեւամորթներ, Լուիսվիլլ քաղաքում հրազենային վիրավորումներ են ստացել 3 սեւամորթներ՝ միմյանց օրինական գրանցված զենքերից:

Օրեգոն նահանգի Սիեթլ քաղաքում 47 ցուցարար է ձերբակալվել՝ ոստիկանների վրա հարձակման, հրկիզման փորձերի, կողոպուտների կազմակերպման մեղադրանքներով: 75 ցուցարար էլ ձերբակալվել է Օմահեում՝ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով:

Վիրջինյա նահանգի Ռիչմոնդ քաղաքում եւս ոստիկանությունը մասսայական ձերբակալումներ է իրականացրել՝ անկարգությունների հետեւանքով:

6 խոշոր քաղաքների քաղաքապետների հայտարարությանն արդեն իսկ աջակցություն են հայտնել մի շարք նահանգների նահանգապետներ եւ Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդներ:

Սպիտակ տանընից հայտարարել են, որ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի գլխավոր թեման լինելու է օրենքն ու օրինականությունը, որն էլ փորձում են հաստատել՝ ոստիկանական գործողություններով: Fox News-ի հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվելու ցույցերը կոշտ ձեւով ճնշելու տարբերակից եւ մտադիր է եւս 75 հազար հատուկ ջոկատային ուղարկել տարբեր նահանգներ:

 Առայժմ Թրամփի ու նրա վարչակազմի որդեգրած քաղաքականությունը ցուցարարների նկատմամբ պսակվել է անհաջողությամբ: Բազմաթիվ հարցումների համաձայն, նախընտրական արշավի լիդերն առայժմ մնում է նախագահի թեկնածու, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

Նյութի աղբյուրը՝ armtimes.com

Հետևեք մեզ նաև Տելեգրամում