Կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել, ես վճռական եմ. Փաշինյանը` նախկին նախագահներին

Կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել, ես վճռական եմ. Փաշինյանը` նախկին նախագահներին

Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի:

Լևոն Տեր Պետրոոյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակները արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի թեմայով նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու հայտարարությանը՝ մերժելով այն:

«Սա իրականում ճշմարտության պահ է, որովհետև բանավեճը, որն առաջարկել եմ ՀՀ նախկին նախագահներին, կարևորագույն նշանակություն պիտի ունենար այն հարցում, որ ժողովուրդը վերջնական և աներկբա եզրակացություն աներ, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել 3-րդ հանրապետության պատմության ողջ ընթացքում, ով է մեղավոր և ով ինչում է մեղավոր:

Եվ սա բացառիկ հնարավորություն է, որ ինֆորմացիայի առաջնային կրող մարդիկ դեմ-դիմաց հանդիպեն և հեռավար ու հեռակա բանավեճը եզրափակեն առերես բանավեճով»,- սոցցանցի իր եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ խոսքը միայն անցյալի մասին չէ, ապագայի ռազմավարությունները որոշելու և կողմնորոշվելու համար առանցքայի իրադարձություն է:

«Որովհետև մենք պետք է անենք վերջնական հետևություններ, մենք պետք է հասկանանք ինչ և ինչու է տեղի ունեցել մեզ հետ և խնդիրը միայն բանավեճի մեջ չէ, այլև սեփական ժողովրդին սեփական պատմությունը մեկնաբանելու, սեփական պատմությունը հասկանալու հնարավորություն տալու կամ այդ հնարավորությունից զրկելու մասին է:

Ճիշտ է՝ ուղիղ կամ անուղղակի նախկին նախագահները հրաժարվեցին բանավեճից, բայց ես նրանց կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել այս մասին, որովհետև եզրակացությունը ի վերջո տեղի ունենալու է: Ես չեմ կարող թույլ տալ, որ այս խոսակցությունը, որն արդեն շարունակվում է 4+2 տարի, նկատի ունեմ մինչև 2020 թվականը և դրանից հետո, կիսատ մնա:

Ես վճռական եմ և այդ խոսակցությունը տանելու եմ մինչև վերջ: Ինչ ֆորմատով՝ ուրիշ խնդիր է:

Ես ընտրում եմ ազնիվ ճանապարհը՝ նախկին նախագահների հետ դեմ-դիմաց, առերես կանգնելու և խոսելու:

Առաջարկում եմ նրանց ընդունել այս առաջարկը, հակառակ դեպքում հետևությունները կմնանա ժողովրդին և ես ժողովրդին կօգնեմ այդ հետևությունները անելու գործում»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում