Հայաստանը չեխ գործարարներին և ներդրողներին կապահովի բոլոր պայմաններով. տեղի ունեցավ Հայ-չեխական բիզնես ֆորումը

Հայաստանը չեխ գործարարներին և ներդրողներին կապահովի բոլոր պայմաններով. տեղի ունեցավ Հայ-չեխական բիզնես ֆորումը

Հայաստանը և Չեխիան բարձր մակարդակով ջանքեր են գործադրում երկկողմ տնտեսական և գործարար հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ փորձելով իրացնել փոխգործակցության ոլորտում առկա մեծ ներուժը:

Հոկտեմբերի 1-ին ՀՀ առևտրաարդյունաբերության պալատը չեխական կողմի հետ համատեղ Երևանում կազմակերպել էր Հայ-չեխական գործարար համաժողով, որի պաշտոնական բացմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը:

Հայաստանի արտգործնախարարն իր ողջույնի խոսքում շեշտեց, որ հայկական կողմը խրախուսում է չեխ գործարարներին և ներդրողներին և նրանց կապահովի բոլոր անհրաժեշտ պայմաններով Հայաստանում բիզնես անելու համար:

«Սա հրաշալի առիթ է հայ-չեխական տնտեսական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու, նոր գործարար կապեր հաստատելու և հետագա արդյունավետ համագործակցության համար: Այսօրվա համաժողովը նաև լավ հնարավորություն է՝ խոսելու տնտեսական դիվանագիտության մասին: Տնտեսական դիվանագիտության մեխանիզմների արդիականացումը և դրա կյանքի կոչումը Հայաստանի արտգործնախարարության աշխատանքի կարևոր ուղղություններից է: Դա թույլ կտա զգալիորեն մեծացնել օտարերկրյա ներդրումների ներհոսքը, ավելացնել արտաքին առևտրաշրջանառության ծավալները, խթանել առաջատար տեխնոլոգիաների և փորձի փոխանակման գործընթացը, մեծացնել զբոսաշրջության ծավալները, նպաստել հայկական և օտարերկրյա բիզնեսների համագործակցության ակտիվացմանը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք խրախուսում ենք և բոլոր պայմանները կապահովենք, որպեսզի չեխ գործարարները և ներդրողները առավել ներգրավվեն Հայաստանում: Գործարար բարենպաստ միջավայրը, իրականացվող տնտեսական բարեփոխումները, ներդրումների համար ստեղծված պայմանները, Հայաստանի անվտանգությունը և ազատությունը հիանալի նախադրյալներ են ստեղծում օտարերկրյա ներդրումների համար», - հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Հայաստանի արտգործնախարարն այդ համատեքստում շեշտեց, որ Հայաստանի անդամակցումը 180 մլն բնակչություն և 1,8 տրիլիոն դոլար ՀՆԱ ունեցող Եվրասիական տնտեսական միությանը, և «GSP պլյուս» առևտրային ռեժիմը Եվրամիության հետ, ինչպես նաև՝ «GSP» ռեժիմը Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ, ավելացնում են Հայաստանի ներդրումային գրավչությունը և օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության հնարավորությունները:

Միրզոյանի խոսքով՝ հայ-չեխական առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ, նույնիսկ համաճարակի պայմաններում, գրանցվել է որոշակի առաջընթաց, սակայն, միևնույն ժամանակ, առկա է հսկայական չօգտագործված ներուժ, որի իրացման համար կողմերը պետք է նպատակամղված աշխատանք իրականացնեն:

Հայաստանը, որպես Չեխիայի հետ համագործակցության հեռանկարային ոլորտ, մասնավորապես, դիտարկում է բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաները: Այս ուղղությամբ, ըստ արտգործնախարարի, արդեն իսկ արվել են որոշ քայլեր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի ջանքերով:

«Այս երկու նախաձեռնությունները դարձել են հայկական ապրանքանիշեր, որոնք հաջողության են հասել ողջ աշխարհում: «Թումո» կենտրոնները բացվել են Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Բեռլինում, Կիևում: Այս առումով կարող ենք դիտարկել հայկական բարձր տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունը նաև Չեխիայում», - նշեց Արարատ Միրզոյանը:

Ըստ նախարարի՝ փոխշահավետ համագործակցության այլ հետաքրքիր բնագավառներից են վերականգնվող էներգետիկան, ֆինանսավարկային ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, թափոնների կառավարումը:

«Կարևոր ենք համարում Երևան-Պրահա ուղիղ ավիաչվերթներ իրականացնելու հնարավորությունը», - հավելեց Հայաստանի արտգործնախարարը:

Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլհանեկն էլ իր հերթին նշեց, որ եկել է Երևան՝ խրախուսելու չեխ-հայկական երկկողմ տնտեսական և գործարար հարաբերությունների զարգացումը և այդ նպատակով իր հետ Չեխիայից բերել է բիզնես պատվիրակություն, որում ներկայացված է ավելի քան 13 չեխական ընկերություն:

Չեխական այդ կազմակերպությունները, որոնք ալյումինի արտադրության, բժշկական մահճակալների, տուրիզմի, ամբարձիչների և բեռների վաճառքի, մարտկոցների արտադրության, հրդեհաշիջման, էսթետիկ բժշկության, ֆինանսաբանկային և մի շարք այլ ոլորտներից են, ըստ նախարարի՝ հետաքրքրված են ամրացնելու բիզնես կապերը և նոր գործարար հարաբերություններ ստեղծելու Հայաստանի հետ:

«Մեր երկու երկրները երկար պատմություն ունեն առևտրային հարաբերություններում: Հայաստանը և Չեխիան հայտնի են իրենց որակյալ ապրանքներով, և այն փաստը, որ չեխ գործարարներն այցելել են այս գործարար համաժողովին, ցույց է տալիս Չեխիայի բիզնես համայնքի հետաքրքրությունը այս գործունեության նկատմամբ», - իր ողջույնի խոսքում նշեց Չեխիայի արտգործնախարարը:

Հայ-չեխական գործարար համաժողովը Երևանում կազմակերպել էին ՀՀ առևտրաարդյունաբերության պալատը՝ Չեխիայի առևտրի պալատի և Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ: Հայկական կողմից ֆորումին մասնակցում էր ավելի քան 30 ընկերություն: Համաժողովն անց էր կացվում Չեխիայի արտգործնախարարի աշխատանքային այցի շրջանակներում, որի ընթացքում տեղի են ունեցել նաև B2B ձևաչափով հանդիպումներ:

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չեխոսլովակիայի հետ 1992 թ. մարտի 30-ին, իսկ Չեխոսլովակիայի տրոհումից հետո Չեխիայի Հանրապետության հետ՝ 1993 թ. հունվարի 5-ին:

Առևտրաշրջանառությունը Հայաստանի և Չեխիայի միջև 2020 թվականին կազմել է 24,849,300 ԱՄՆ դոլար։ 2021 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում Հայաստանի և Չեխիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 11,432,700 ԱՄՆ դոլար:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում