Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի թեմում ձեռնադրված նորաօծ քահանաներին
Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին՝ Խաչվերացի տոնին, Գանձասարի վանքի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և իրենց 40-օրյա պահեցողության ու պատրաստության շրջանը պատերազմի օրերին Գանձասարի վանքում անցկացրած երկու քահանաներին՝ Արժանապատիվ Տ․ Մխիթար քահանա Հարոյանին և Տ․ Խաչատուր քահանա Հայրապետյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:
«Վրթանես եպիսկոպոսը Հայոց Հովվապետին ներկայացրել է քահանա հայրերին՝ տեղեկացնելով, որ նորաօծներն արդեն իրենց հոգևոր սպասավորությունը իրականացնում են Հայոց Եկեղեցու անդաստանում՝ Մխիթար քահանան՝ Արցախի թեմում, իսկ Խաչատուր քահանան՝ Սյունյաց թեմում։
Այնուհետև հովվական ծառայության կոչվելու առիթով քահանա հայրերին իր օրհնությունն է բերել Վեհափառ Հայրապետը՝ ընդգծելով, որ արդյունավոր և հաջողյալ սպասավորության երաշխիքը ժողովրդի նկատմամբ անսակարկ սերն է, հանձնառությունը, պատասխանատվությունն ու անվերապահ նվիրումը վստահված համայնքի հանդեպ: Նորին Սրբության խոսքի համաձայն՝ այդ առաքինությունների դրսևորման պարագային է, որ հոգևոր հովիվը կարող է արժանանալ ժողովրդի սիրուն ու հարգանքին։
Անդրադառնալով հետպատերազմյան դժվարին կացությանը և մարդկանց ծանր հոգեվիճակին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատել է, որ այս իրավիճակում հայ ժողովրդի զավակներն առավել մեծ չափով կարիքն ունեն հոգևոր խնամքի և հոգածության։ Հայրապետը վստահություն է հայտնել, որ քահանա հայրերը պատասխանատվության մեծ զգացումով կիրականացնեն իրենց հոգևոր ծառայությունը՝ ուժ տալով իրենց համայնքայիններին՝ հաղթահարելու առկա մարտահրավերները և զորացնելով լավատեսության ոգին ու հավատը հայրենիքի գալիք օրվա նկատմամբ։
Հանդիպման վերջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին՝ մաղթելով նրանց բարեհաջող, օրհնյալ ծառայություն»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ