Ֆրանսիան միշտ լինելու է Հայաստանի կողքին. Ժան-Բատիստ Լըմուան
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար, Ֆրանսիայի նախագահի անձնական ներկայացուցիչը Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին՝ Ժան-Բատիստ Լըմուանը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ իր ելությում նշել է, որ այս տարի առանձնահատուկ է ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությունը, որովհետև լրացել է 20 տարին, երբ Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, բայց Հանրապետության նախագահն, ըստ նրա, չբավարարվեց դրանով, ցանկացավ ավելի հեռուն գնալ և արդեն երեք տարի է Ֆրանսիայի պետական պաշտոնական օրացույցում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը նշված է որպես հիշատակության օր:
«Ֆրանսիայում յուրաքանչյուր ոք յուրովի, սրտից բխող ցանկության դրսևորմամբ իր հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ֆրանսիան միշտ զորակցելու է և լինելու է Հայաստանի կողքին՝ թե՛ անցյալում տեղի ունեցած փորձության դժվար պահերին, թե՛ ապագայում ակնկալվող բոլոր մեկնարկների, ձեռնարկումների համար»,- ասաց Լըմուանը:
Նա նաև հիշեցրեց, որ Ֆրանսիայի նախագահը դատապարտող խոսք էր ասել բոլոր այն վարձկանների մասին, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում Սիրիայից հավաքագրվելով՝ հայտնվել էին այդ իրադարձություններին: Պատերազմի օրերին Ֆրանսիան բժշկական հումանիտար օգնություն ուղարկեց Հայաստան: Որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան ևս մեկ առաքելություն էր որդեգրել՝ համատեղությամբ մնացած բոլոր համանախագահների, ապրիլի 13-ին կոչով դիմել, որպեսզի ռազմագերիները շուտափույթ վերադարձվեն Հայաստան: Ասաց նաև՝ այսօր 2021 թվականի ապրիլի 24-ին հայ ժողովուրդն իր ոտքի վրա ամուր կանգնած է, դիմակայում է և ոչինչ չի կարող խոչընդոտել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը:
Կարծիքներ