Հաստատվել է «Սոֆոսբուվիր/Վելպատասվիր» դեղերով բուժման կազմակերպման կարգը

Վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտների բուժումը կազմակերպելու նպատակով հաստատված կարգի համաձայն` անվճար կտրամադրվեն ուղղակի ազդող հակավիրուսային` «Սոֆոսբուվիր/Վելպատասվիր» համակցությամբ դեղերը: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից:
Այլևս անհրաժեշտություն չկա հանձնելու վիրուսի գենոտիպի որոշման հետազոտություն:
Բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է 18 տարեկանից բարձր հեպատիտ Ց ախտորոշմամբ պացիենտներին և լյարդի ֆիբրոզ 0–4 (Child-Pugh A, MELD <20) ունեցող պացիենտներին լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա.
հեպատիտ Ց վիրուսի հայտնաբերում (դրական) որակական պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով,
ֆիբրոզի աստիճանի որոշում՝ լյարդի էլաստոգրաֆիա (ֆիբրոսկան) և/կամ APRI և/կամ FIB-4, ընդ որում, 3-րդ և 4-րդ աստիճանի ֆիբրոզի դեպքում որոշվում է նաև AFP,
արյան ընդհանուր հետազոտություն լեյկոբանաձևով, կենսաքիմիական հետազոտություն (բիլիռուբին ընդհանուր/կապված, ԱԼՏ, ԱՍՏ, ալբումին, գլյուկոզ, կրեատինին, պրոտրոմբինային ժամանակ/ինդեքս/INR),
HBsAg և/կամ հակա-HBc,
որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն:
Այս կարգի շրջանակներում վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտների վարումը, դեղատոմսի տրամադրումը և հսկողությունն իրականացվում է բժիշկ-մասնագետի կողմից հետևյալ բժշկական կազմակերպություններում`
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոց
«Աստղիկ» բժշկական կենտոն
«Էրեբունի» բժշկական կենտրոն
«Նաիրի» բժշկական կենտրոն
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
«Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոն
«Վիոլետա» բժշկական կենտրոն
«Նիկոմեդ» բժշկական կենտրոն:
Նշված չափանիշներին համապատասխանող պացիենտներին բժշկի կողմից տրվում է դեղատոմս, որի հիման վրա վերջինս ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ից ստանում է անհրաժեշտ դեղերը:
Նշենք, որ յուրաքանչյուր պացիենտի տրամադրվելու է ամսական 1 տուփ` ըստ բուժման կուրսի, որի տևողությունը 12 շաբաթ է:
Կարծիքներ