ՔԿ-ն մանրամասներ է հայտնել 22-ամյա ՌԴ քաղաքացու անհետ կորելու, այնուհետև նրա դին հայտնաբերելու դեպքի մասով

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել 22-ամյա ՌԴ քաղաքացու անհետ կորելու, այնուհետև նրա դին հայտնաբերելու դեպքի մասով

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Կոտայքի մարզում ՌԴ քաղաքացի 22-ամյա Մարկ Լարինի անհետ կորելու, այնուհետև նրա դին հայտնաբերելու վերաբերյալ։

Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, հանգամանքները պարզվում են։

«2024թ․ օգոստոսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն է ստացվել ՌԴ քաղաքացու՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում տված հաղորդումն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10-ի սահմաններում, երկու ընկերոջ հետ գնացել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայր՝ հեծանիվ վարելու, և հետ վերադառնալիս իր ընկերներից մեկը՝ Մարկ Լարինը, Հանքավան բնակավայրից մինչև Արտավազ բնակավայր ճանապարհին կորել է։

 

Մարդու անհետ կորելու վերաբերյալ պատշաճ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

 

Օգոստոսի 21-ին վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ որոնողական աշխատանքների արդյունքում 2002թ․ ծնված Մ․ Լարինի դին հայտնաբերվել է Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի մոտակայքում։

Քննիչը մեկնել է դեպքի վայր։ Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես՝ դեպքի վայրի զննություն։

Դիակի արտաքին զննությամբ, նախնական տվյալներով, մարմնի վրա բռնության տեսանելի հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում