2018 թվականից ի վեր համայնքներում շուրջ 400 մլն դոլարի ներդրում է կատարվել
ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար պետական բյուջեից հատկացվեց 462 մլն 256 հազար դրամ: Կառավարության նիստին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ համայնքներն իրնց մասնաբաժինը կատարել են, այժմ պետական մասնաբաժնի իրականացման հերթն է: Նիստին ներկայացված ծրագրերից ամենախոշորը Շիրակի մարզում իրականացվողն է, որի ֆինանսավորման համար որոշվեց բյուջեից փոխանցել 441 մլն:
«Սա Գյումրի քաղաքին է վերաբերում: Ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս, որպեսզի ներքաղաքային ամբողջ տրանսպորտային պարկը թարմացվի: Միկրոավտոբուսների մի մասը հարմարեցված է հաշմանդամություն ունեցողների համար: Մրցույթի արդյունքում ծրագրի արժեքը կազմել է 882 մլն դրամ, որի 50 տոկոսը վճարում է Գյումրիի համայնքապետարանը, մյուս կեսը՝ պետությունը»,-ասաց Գնել Սանոսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2021 թվականին շուրջ 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում համայնքների հետ համատեղ: Վարչապետն ընդգծեց, որ բացի համայնքների հետ համատեղ սուբվենցիոն ծրագրերից, կառավարությունը նաև ուղիղ ներդրում է կատարել համայնքներում:
«Ամփոփել ենք տվյալները, և 2018 թվականից ի վեր համայնքներին ուղիղ տրվել է շուրջ 86 մլրդ դրամ: Շատ քաղաքներում նորոգվում, վերակառուցվում են դպրոցներ, բայց դրանք սուբվենցիոն ծրագրերից դուրս են: Ստացվում է, որ 2018 թվականից ի վեր մենք համայնքներում սուբվենցիաներով և ուղիղ ներդրումներով շուրջ 400 մլն դոլարի ներդրում ենք կատարել»,-հավելեց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ 2022 թվականի բյուջեով այդ ներդրումների ծավալներն ավելանալու են:
Կարծիքներ