Ճանապարհների օգտագործման իրավական ընթացակարգերի շուրջ պետք է համաձայնություն տեղի ունենա. Փաշինյան

Ճանապարհների օգտագործման իրավական ընթացակարգերի շուրջ պետք է համաձայնություն տեղի ունենա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարածաշրջանում երթուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցին:

«Արմենպրես»-ի փոխանցամբ՝ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարությանը, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին, որը որևէ կերպ կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը, խոսք չկա և չի կարող լինել, ասաց, որ Օվերչուկի խոսքերի մեջ չկա մի բան, որը ինքը կցանկանար սբագրել:

Ըստ վարչապետի՝ այդ հարցը վաղուց լուծված կլիներ, եթե Ադբեջանի կողմից շարունակաբար ագրեսիվ հայտարարություններ չարվեին, որոնք ցույց կտային, որ, չնայած աշխատանքային խմբի այլ բովանդակությանը, բայց տողերի տակում Ադրբեջանը փորձում է տեղադրել տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: «Այս «միջանցքի» խոսույթն ի՞նչ խոսույթ է: Նաև «Արևմյան Զանգեզուր» խոսույթը, եթե կա Արևելյան Զանգեզուր, նշանակում է, որ նաև Արևմտյան Զանգեզուր, դա ի՞նչ խոսույթ է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը շատ կարևորեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի ընթերցանությունը: Փաշինյանը հարցրեց՝ հրապարակային փաստաթուղթ է, դժվա՞ր է բացել կարդալ:

Իսկ, թե ինչ է Հայաստանի ասածը՝ Փաշինյանն ընդգծեց այն է, ինչ Օվերչուկն ասել է:

«Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ շատ ենք ուզում: Որպեսզի մեր ցանկությունը հստակ արտահայտվի, մենք նույնիսկ ունենք նախագծի անուն՝ «Հայկական խաչմերուկ» նախագիծ: Սա մենք ասում ենք՝ ցույց տալու, որ այս գործը համարում ենք մեզ համար կարևոր, մեր սեփականը: Ճանապարհների օգտագործման իրավական ընթացակարգերի շուրջ պետք է համաձայնություն տեղի ունենա: Կա սկզբունքային համաձայնություն: Ո՞րն է սկզբունքային համաձայնությունը. Այսինքն, որ ճանապարհները գործում են այն երկրների սուվերենության ներքո, որոնցով անցնում են: Կա այդ սկզբունքային համաձայնության վերծանություն: Դա նշանակում է, որ սահմանին պետք է լինի սահմանային հսկողություն, մաքսային հսկողություն: Եվ կա այս վերծանության մեխանիզմների բացահայտում: Ի՞նչ է նշանակում մեխանզիմների բացահայտումը. անձնագրային հսկողությունն ինչպես պետք է արվի, մաքսային հսկողությունն ինչպես պետք է արվի»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այս ամեն ինչի վերաբերյալ սկզբունքորեն Ադրբեջանն էլ աշխատանքային մակարդակով առարկություն չի ներկայացնում: Սակայն, ըստ նրա, կան նրբություններ:

«Օրինակ՝ Ադրբեջանն ասում է, որ, քանի որ այսպիսի սուր կոնֆլիկտային իրավիճակ է, իրենք չեն ուզում, որ Հայաստանի սահմանն անցնելիս Ադրբեջանի քաղաքացին առնչվի Հայաստանի սահմանապահի և մաքսավորի հետ: Մենք ասում ենք, որ մենք էլ չենք ուզում, հաշվի առելով կոնֆլիկտային իրավիճակը՝ չենք ուզում, որ Հայաստանի քաղաքացին Ադրբեջանի սահմանը հատելիս առնչվի Ադրբեջանի սահանապահի և մաքսավորի հետ: Ինչպե՞ս լուծենք այս հարցը: Մենք այդ հարցի լուծման ինստիտուցիոնալ հնարավորություն ունենք, որ, օրինակ, սահմանին կարող են կանգնել ռուս սահմանապահներ: Ադրբեջանի պարագայում այս սկզբունքը կխախտվի, այնտեղ էլ են կանգնելո՞ւ ռուս սահանապահներ․ եթե ադրբեջանցի սահմանապահներ են կանգնելու, նշանակում է, որ սկզբունքը կխախտվի»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ հայկական կողմը լուծում է առաջարկել: «Մենք ասել ենք՝ եկեք, օրինակ, սահմանի վրա մաքսային և սահմանապահ ծառայությունները Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար Հայաստանը և Ադրբեջանը արտապատվիրակեն: Եվրոպայում էլ հիմա կան երկրներ, որ իրենց մաքսային հսկողությունն իրականացնում է ոչ թե մաքսային պետական ծառայությունը, այլ մասնագիտացված կազմակերպությունների են պատվիրակում, իրենք են այդ գործառույթն իրականացնում: Նույնը կարելի է անել սահմանային հսկողության դեպքում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա պաշտոնապես է ասում:

Նա հավելեց՝ պարզ չէ՝ Ադրբեջանը համաձա՞յն է դրան, թե ոչ, եթե համաձայն է, ապա կարելի է գնալ այդ լուծմանը:

Անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ է արդյոք այնպես լինել, որ անձնագրերի մեջ դրոշմ չլինի՝ ասաց, որ, այո, կարող է: Կա տարբերակ, որ մուտք գործելիս կտրոն է տրվում, ելքից կտրոնը հանձնվում է, և դրանով գործընթացներն իրականացվում են: Ըստ վարչապետի՝ կարծես թե կա համաձայնություն, որ ճանապարհային վճարը պետք է վճարվի: Պետք է լինեն նաև ապրանքներ, որոնց տարանցումը պետք է արգելվի: