Ռուսաստանի փոխարտգործնախարար Վերշինինն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Վերշինինը, գնահատելով Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը, ասել է, որ որևէ ռազմական գործողություն իրականացնելիս պետք է հաշվի առնվեն Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հանգամանքները:
«Մենք կողմ ենք, որ նախկինի պես հարգենք Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը»,-Սպուտնիկի հետ զրույցում ասել է նա:
«Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը մոտենում է ավարտին, բնականաբար այն պետք է շարունակվի: Ինչ վերաբերում է ռազմական նախապատրաստություններին, ապա այդ նախապատրաստությունները պետք է հաշվի առնեն Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հանգամանքը», - հավելել է Վերշինինը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ պայքարին:
Չավուշօղլուն նշել էր, որ Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) իրականացրած հարձակումների համար պատասխանատու են նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն:
Նա ՌԴ-ին և ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում իրենց խոսքը չպահելու և պարտավորությունները չիրականացնելու մեջ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք չեն պահում իրենց խոսքը, մեզ մնում է միայն մի բան` ինքնուրույն անել մեր գործը»,- ասել էր Չավուշօղլուն՝ նկատի ունենալով, որ Թուրքիան կարող է նոր ինքնուրույն ռազմական գործողություն իրականացնել:
Նախորդ շաբաթ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի կողմից սպանվել էին 2 թուրք ոստիկան, 2-ը՝ վիրավորվել:
Անդրադառնալով այս դեպքին` Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է իր դեմ ծառացած սպառնալիքները վերացնելու հարցում, և դա կանի Սիրիայում առկա ազդեցիկ ուժերի կամ սեփական ուժերի գործադրմամբ:
Նա հայտարարել էր, որ թուրք ոստիկանների սպանությունը հատել է իրենց համբերությունը:
Կարծիքներ