Պարզվել է Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում 14 երեխաների թունավորման պատճառը. ՍԱՏՄ
Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզից «Սննդային թունավորում չճշտված էթիոլոգիայով» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները մայիսի 22-ին դուրս են գրվել մանկական բաժանմունքից:
Մանկապարտեզի 18․05․2023թ․ ճաշացանկում ներառված սննդամթերքի (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ) նմուշները հանձնվել էին լաբորատոր հետազոտության: Նմուշներ էին վերցվել նաև խոհանոցի և խմբասենյակների շփվող մակերեսներից, ինչպես նաև կենսանմուշներ մանկապարտեզի սաներից և սպասարկող անձնակազմից:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին և ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ը հայտնում են, որ Սննդամթերքի փորձաքննության արդյունքներով՝ ներկայացված թանապուրը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S․aureus), ոլոռով սուպը՝ ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ մակարոնով փլավը ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Խաշած ձվում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Շեղումներ չեն հայտաբերվել նաև վերցված խմելու ջրի նմուշում։
Շեղում է արձանագրվել խոհանոցից և խմբասենյակներից վերցված լվացուկներում, իսկ մանկապարտեզի սաների և սպասարկող անձնակազմի կլինիկական նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են նորովիրուսի հարուցիչներ։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ մանկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է։
Այս պահին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի կենտրոնի տեսուչները Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում իրականացնում են պետական վերահսկողություն՝ ստուգում:
Կարծիքներ