ԿԳՄՍ նախարարն «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկել է մարզերում գործող պետական բուհերի ռեկտորների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում մարզային բուհերի գործունեության, կրթական ծրագրերի վերլուծության և զարգացման վերաբերյալ հարցեր:
Նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում մեկնարկած կարևոր փոփոխություններին, կարևորել է գործընթացում բոլոր կողմերի ներգրավվածությունն ու համագործակցությունը: «Համատեղ աշխատանքն ու աջակցությունը բարեփոխումների գործընթացին շատ կարևոր են. նախարարությունն ակնկալում է մասնակցակային գործընթաց»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Նրա խոսքով՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի համատեքստում մարզային բուհերին առնչվող խնդիրները քարտեզագրելու և լուծման ուղիները գտնելու համար անհրաժեշտ է կատարել վերլուծություն՝ հասկանալու համար, թե մարզերում որ մասնագիտություններով կրթություն կազմակերպելու իրական անհրաժեշտություն կա: Մասնագիտությունների ցանկը, ըստ Ժաննա Անդրեասյանի, պետք է հիմնված լինի շրջանավարտների զբաղվածության տվյալների վրա՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի աշխատաշուկայի սպասարկման պահանջարկը, ինչպես նաև բուհի կողմից իրականացվող հետազոտական նախագծերը:
«Կարևոր է հասկանալ՝ ըստ մասնագիտությունների ինչպիսի կրթություն ենք ապահովում, ինչ որակավորումներ ենք շնորհում և ինչ կարիք ենք սպասարկում»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով ելքային տվյալների ճշգրիտ հավաքագրումը, որը ներառելու է տեղեկատվության ամբողջացում՝ կրթական ծրագրերի իրագործումից մինչև ենթակառուցվքածքների և մասնագետների առկայություն:
Ըստ նրա՝ կայացվող բոլոր որոշումների հիմքում դրվելու են վերլուծություններն ու ստացված տեղեկությունները: Այս համատեքստում կարևորվել է տեղեկատվության տրամադրման միասնական ձևաչափի անհրաժեշտությունը: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ընդունելության ցուցանիշներին, բուհերի գույքային հագեցվածությանը և այլ խնդիրների:
ՀՀ ԿԳՄՍ տեղեկամամբ՝ անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացը պետք է իրականացվի թիրախային քննարկումների արդյունքում. «Ակադեմիական քաղաքի ծրագիրը ներկայացվելու է բոլոր բուհերում՝ պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ. յուրաքանչյուր որոշման գնալու ենք միասնաբար»:
Նախարարի պարզաբանմամբ՝ ծրագրին առնչվող մնացյալ հարցերը՝ կառուցվածքային, կազմակերպչական, ֆինանսատնտեսական, բովանդակային, քննարկման դաշտում են, ինչի նպատակով շահագրգիռ կողմերի ներգրավմամբ ձևավորվում են աշխատանքային խմբեր: Նա ասել է, որ մարզային բուհերի ներկայացուցիչները ևս կընդգրկվեն աշխատանքային խմբերում՝ ծրագրի ընթացքին ավելի կառուցողական մասնակցություն ունենալու նպատակով:
Կարծիքներ