Հայաստանը ոչ մի դեպքում չի կարող զիջել իր սուվերենությունը. Երևանից արձագանքում են Ալիևի հայտարարություններին

Հայաստանը ոչ մի դեպքում չի կարող զիջել իր սուվերենությունը. Երևանից արձագանքում են Ալիևի հայտարարություններին

Հայաստանի Հանրապետությունն արել և անում է ամեն ինչ, որպեսզի ունենա բաց սահմաններ՝ պահպանելով իր սուվերենությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի արևելյան շրջանները Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ճանապարհը պետք է գործի առանց մաքսային և անձնագրային վերահսկողության:

«Հայաստանի Հանրապետությունը ոչ մի դեպքում չի կարող զիջել իր սուվերենությունը, իր ինքնիշխանությունը: Հայաստանն արել և անում է ամեն ինչ, որպեսզի ունենա բաց սահմաններ՝ պահպանելով և սուվերենությունը, և ինքնիշխանությունը: Մենք գնում ենք այս ուղղությամբ, մեզ համար գերխնդիրը սա է»,- նշեց պատգամավորը:

Արձագանքելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը մտադիր չէ իր զորքերը հետ քաշել Հայաստանի սուվերեն տարածքներից, որոնք օկուպացվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում՝ Հակոբյանը նկատեց, որ տարիներ շարունակ ականատես են եղել Ադրբեջանի նախագահի նման հռետորաբանության:

«Բայց խաղաղության օրակարգը, որը հռչակվել է Հայաստանի քաղաքական իշխանությունների կողմից, պետք է անշեղորեն և տրամաբանական քայլերով առաջ շարժվի: Այդ ճանապարհին մենք բազմաթիվ դժվարություններ կարող ենք ունենալ, մեզ փորձելու են սադրել, մեզ փորձելու են հետ պահել խաղաղության օրակարգից: Բայց քաղաքական առումով դա առաջնահերթություն է»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունն անելու է ամեն ինչ, որ խաղաղության օրակարգը դառնա իրականություն: Նա վստահեցրեց, որ Հայաստանը խաղաղության օրակարգից շեղվելու ոչ մի ցանկություն չունի:

Սակայն միևնույն ժամանակ պատգամավորը նկատեց, որ դա միակողմանի անելն անհնար է:

«Բայց մենք պարտավոր ենք Հայաստանի պետական շահը վեր դասել ամեն ինչից: Եվ ես ինքս կարծում եմ, որ մեր պետական շահը պահանջում է, որ, հաշվի առնելով բոլոր դժվարությունները, մեզ համար զարմանալի, նաև անսպասելի հայտարարությունները, խաղաղության օրակարգով պետք է առաջ շարժվենք»,-նշեց նա:

Խաղաղության օրակարգն այն օրակարգն է, որը պահանջում է Հայաստանի պետական շահը: Պատգամավորը վստահեցրեց՝ իշխանությունը չի անի պետական շահին չմիտված որևէ քայլ:

«Մեր ցանկությունը Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ տարածքն անվտանգ դարձնելն է: Այս ճանապարհը բավականին բարդ, կնճռոտ է, միգուցե, կարող է ցավոտ լինել: Բայց մենք պետք է այս քայլերը տրամաբանորեն հասցնենք իրենց հանգրվանին, որովհետև միայն այս հանգրվանում Հայաստանը կարող է ունենալ այն ապագան, որը մենք երազում ու կանխատեսում ենք»,-ասաց Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում