Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են մինչև նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը. ԲԴԽ

Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են մինչև նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը. ԲԴԽ

 Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Ռուբեն Վարդազարյանի (խմբ. ԲԴԽ նախագահ՝ լիազորությունները կասեցված) լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին՝ մինչև  Վարդազարյանի լիազորությունների կասեցման հիմք հանդիսացած քրեական վարույթի ավարտը: Ներկայացնում ենք ԲԴԽ-ի տարածած հաղորդագրությունը:

«ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը ս.թ ապրիլի 15-ին թիվ ԲԴԽ-23-Ո-34 որոշմամբ կասեցրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ մինչև նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը(«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մաս»):

Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ Գլխավոր դատախազի կողմից քրեական հետապնդման հարուցում հանդիսացող՝ որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման վերաբերյալ դատարանը կայացրել է դատական ակտ, որտեղ նշված է. «Բողոքաբեր Ռուբեն Վարդազարյանի բողոքը բավարարել, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ռ. Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումները», և որ «որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան՝ հրապարակման պահից 10-օրյա ժամկետում»:

Նշված դատական ակտի հիման վրա, Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ-ին դիմում է ներկայացրել՝ ակնկալելով իր լիազորությունների կասեցման մասին որոշման վերանայում:

Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0308/11/21 որոշման հասցեատերը Բարձրագույն դատական խորհուրդը չէ, հետևաբար ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ  Ռ. Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին՝ մինչև Ռ. Վարդազարյանի լիազորությունների կասեցման հիմք հանդիսացած քրեական վարույթի ավարտը»:

2021 թվականի ապրիլի 15-ին, դռնփակ նիստում, Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացնելը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով, 165-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով, որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները իրականացնում է  Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում