Հրայր Թովմասյանին և մյուս դատավորներին հնարավորություն է տրվել ծառայել Հայաստանի Հանրապետությանը. Վահագն Հովակիմյանը՝ Սահմանադրական փոփոխությունների մասին
Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունը, որ ընդունվել էր Ազգային ժողովի կողմից, այսօր ուժի մեջ մտավ: Սահմանադրական դատարանի՝ ընդհանուր տևողությամբ 12 տարի պաշտոնավարած 3 անդամների՝ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի և Հ. Նազարյանի պաշտոնավարումը դադարեց, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՍԴ կազմում կշարունակի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր: Ինչպես մեկնաբանում են օրենքին կողմ քվեարկած պատգամավորները՝ այս փոփոխությամբ վերջ է դրվելու Սահմանադրական ճգնաժամին։ Իսկ ընդդիմությունն էլ կարծում է, որ տեղի ունեցածը հակաիրավական ու հակասահմանադրական է: Թեմային վերաբերող խնդրահարույց կետերի շուրջ Freenews-ի թղթակիցը զրուցել է Սահմանադրական փոփոխության նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ:
-Պարոն Հովակիմյան, չնայած օրենքն ուժի մեջ մտավ, Ալվինա Գյուլումյանը, որը ըստ փոփոխության, պետք է հեռանա պաշտոնից, պնդում է, որ փոփոխությունն իրեն չի վերաբերում: Նա փաստարկում է, որ իր պաշտոնավարման 12 տարին ընդհատումներով է եղել: Արդյո՞ք այս պնդումն իրավաչափ է:
- Սահմանադրության փոփոխություններում շատ հստակ գրված է՝ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ 12 տարի պաշտոնավարած անձնանց լիազորությունները դադարում են: Ալվինա Գյուլումյանն ընդամենը պետք է հետ նայի, տեսնի՝ ինքն ինչքան ժամանակ է պաշտոնավարել, կապ չունի անընդհա՞տ, թե՞ ընդհատ: Ինքը երկու անգամ նշանակվել է ՍԴ անդամ: Չգիտեմ ինչ թվաբանությամբ են հաշվում, որ 12 տարին չի լրանում: Առհասարակ, Սահմանադրության 7-րդ գլուխը սահմանում է, որ անձը մեկ անգամ կարող է ընտրվել ՍԴ դատավոր, հակառակ դեպքում յուրաքանչյուրը կարող է 1 անգամ ընտրվել, պաշտոնավարել, ավարտել, հետո մեկ երկու տարի դադար տալ, նորից ընտրվել, այադպես խախտվում է Սահմանդրության 7-րդ գլխի տրամաբանությունը: Ես ցավում եմ, որ տիկին Գյուլումյանը այս տրամաբանությամբ չի մոտենում հարցին և ամեն կերպ իր պաշտոնավարումը երկարացնելու մասին է մտածում:
- Այսինքն, եթե Գյուլումյանը դիմի ՄԻԵԴ, միեւնույնն է, խնդրի ելքն անփոփոխ կմնա:
-Եկեք սկսենք Հայաստանի Հանրապետությունից, որտեղ ամենաբարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթը Սահմանադրությունն է, նա կարող է դիմել ՄԻԵԴ, վճռով կորոշվի այն, ինչ կորոշվի, իսկ այս պահին մենք ունենք Սահմանադրության փոփոխություն, որին չենթարկվել հնարավոր չէ:
-Ընդդիմադիրներն անընդհատ հակադրում են փաստեր եւ նշում, որ, եթե հնարավոր էր ԱԺ-ով հարցը լուծել, ինչու էր իշխանությունը ռեսուրսներ վատնում հանրաքվեի վրա: Նաեւ նշում են, որ այս համավարակի պայմաններում շտապողականությունը ՍԴ հարցի վերաբերյալ, անհիմն է: Խնդիրների լուծման առաջնահերթության հարցում արդյոք նրանք ճշմարտացի չեն:
-Հանրաքվեն ՍԴ ճգնաժամը լուծելու լավագույն տարբերակն էր, այլ կարծիք չկա, սակայն կորոնավիրուսի համաճարակը, Սահմանադրական հանրաքվեն և ՍԴ խորացող ճգնաժամը անհամատեղելի էին այս պարագայում: Իրականությունն այն է, որ առաջիկա մեկ տարում մենք հանրային որևէ մեծ համապետական միջոցառում կազմակերպելու հնարավորություն չունենք, իսկ սրան զուգահեռ ունեինք ՍԴ ճգնաժամ, որի լուծմանը պիտի գայինք արագ: Շատ ու շատ խնդիրներ կան, որոնք չեն անտեսվում, բոլոր խնդիրներն էլ լուծման ճանապարհներ ունեն: ՍԴ ճգնաժամը լուծելու համար մենք ընտրեցինք մի ճանապարհ, որը և իրատեսական էր, և իրավաչափ, այս մասին վկայել են նաև մեր եվրոպացի գործընկերները:
- Եթե խոսենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին, չենք կարող անտեսել ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի այն պնդումը, թե իշխանությունը եզրակացության միայն դրական կետերն է հանրայնացնում: Պարոն Հովակիմյան, եզրակացության մեջ բացասական ի՞նչ տեսակետեր կան:
- Վենետիկի հանձնաժողովն ամբողջությամբ դրական եզրակացություն է տվել, իրենք ցավ էին հայտնել միայն վերջին դիտարկմամբ, որով ասվում էր, որ եզրակացության հրապարակումից առաջ է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ դրվել: Ինձ համար ցավ էր, որ ՍԴ անդամը խորհրդատվական մարմնի տված եզրակացության մասին խոսում էր այնպես, կարծես խոսեր ՀՀ Սահմանադրության մասին: ՀՀ ինքնիշխան մարմին է, ՍԴ անդամը մեր Սահմանադրության պահապանն է, և ես, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, ցավ ապրեցի, որ պարոն Թոխյանը առաջնային կարևորություն չտվեց Սահմանադրության փոփոխությանը:
- Նորից գալով ընդդիմությանը՝ պիտի նշենք, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վաղ առավոտյան արդեն թղթե տարբերակով ՍԴ-ին հանձնեց 26 պատգամավորի ստորագրությամբ դիմումը: Երեկ, երբ հայտարարեցին, որ ՍԴ են ուղարկելու դիմումը հենց 26 պատգամավորի ստորագրությամբ, ֆեյսբուքը ողողվեց նրանց քննադատող ու ծաղրող մեկնաբանություններով: Իշխանական պատգամավորները եւս նրանց մեղադրեցին մաթեմատիկական պարզ հաշվարկը սխալ անելու համար: Ի վերջո 26, թե՞ 27 պատգամավորն է բավարարում Սահմանադրության մեկ հինգերորդի պահանջը:
- Սահամանադրությունն ամրագրում է՝ հարկավոր է պատգամավորների թվի մեկ հինգերորդը, պատգամավորների ներկայիս թվի մեկ հինգերորդը հաշվելը պարզ մաթեմատիկա է, ստացվում է 26.4, այսինքն՝ 26-ը մեկ հինգերորդը չէ, մեկ հինգերորդը 26-ից ավելին է: ՍԴ մասին օրենքով աշխատակազմի ղեկավարն ստուգում է դիմումի տեխնիկական ֆորմալ մասերը և ընդունում ու փոխանցում է նախագահին: Կընդունե՞ն, թե՞ ոչ չեմ կարող ասել, բայց կա բացահայտ սխալ:
- Պարոն Հովակիմյան, այսօր արդեն տեսանք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը բավական բարձր տրամադրությամբ ներկայացավ աշխատանքի, մինչ այս, մեկ տարի շարունակ նրան մեղադրում էին առանց աշխատանքի գնալու աշխատավարձ ստանալու եւ ոչ մի գործ չանելու համար: Չե՞ք կարծում, որ մեկ տարին քիչ չէ ոչինչ չանելու դիմաց վարձատրվելու համար:
- Վահե Գրիգորյանն իմ համոզմամբ իր գործն արել է, հարցն այլ է, նա չի մասնակցել նիստերին, իսկ սրա համար կար լուծման իրավական տարբերակ: Եթե ՍԴ նախագահը, անդամները խնդիր էին տեսնում նրա բացակայության մեջ, ապա կարող էին ուղղակի կարգապահական պատասխանատվության հարց բարձրացնել, և դա կդառնար ՍԴ-ի քննարկման առարկա, ընդհուպ կարող էին նրան դատավորի լիազորություններից զրկելու հարց բարձրացնել: Այսինքն, եթե կար իրավական խնդիր, դա ՍԴ լուծման տիրույթում էր, եթե խնդիրը չի բարձրացվել ՍԴ նախագահի ու անդամների կողմից, ապա դա մեր քննարկելու հարցը չէ, մեր տիրույթում չէ:
- Եվ վերջում, ամփոփելով զրույցը՝ Սահմանադրության փոփոխությունն իշխանական թեւի պնդմամբ ի շահ հայ ժողովրդի պիտի ծառայի, այս դեպքում, որքանով է ճիշտ ձեր կողմից անվերջ քննադատված, նախկին իշխանությունների կամակատարներ համարվող 4 դատավորի, այդ թվում՝ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նոր կազմում լինելը: Նրանք չե՞ն խոչընդոտի ՍԴ աշխատանքի բնականոն ընթացքին:
- Ես հույս եմ հայտնում, որ ՍԴ անդամ-դատավորները, որոնք շարունակելու են պաշտոնավարել, իրենց հետագա պաշտոնավարումը կնվիրեն ՍԴ հեղինակության բարձրացմանը, եթե իրենք այդ պարտավորությունը չկատարեն, ապա ՍԴ-ն ինքն իր ներսում կմաքրագործվի, եթե նորից ճգնաժամ հասունանա, ապա օրենսդրությամբ այդ հարցը կլուծվի: Այսինքն նախկին քաղաքականացված դատավորներին հնարավորություն է տրվել ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Այս փոփոխությունները իրապես լուծելու են ՍԴ ճգնաժամի հասունացրած խնդիրները:
Կարծիքներ