Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է ՄԻՊ աշխատակազմ ինքնուրույն դիմելու երեխաների հնարավորությանը
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը օգոստոսի 4-ին այցելել է «Լուսաբաց» մանկական ճամբար և երեխաների հետ զրուցել վերջիններիս իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։
Մասնավորապես՝ քննարկվել են երեխաների կարծիք արտահայտելու, կրթություն ստանալու իրավունքի իրացմանը, դպրոցներում ներառական միջավայրի և խտրական վերաբերմունքի բացառմանը առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձ է եղել նաև բուլինգի հասկացությանը և տեսակներին, սոցիալական ցանցերում երեխաների ակտիվությանը և նրանց անձնական տվյալների պաշտպանվածությանը, ինչպես նաև կիբեռբուլինգի անթույլատրելիությանն ու այլ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումները բացառելու անհրաժեշտությանը։
Պաշտպանը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով իրավունքի խախտումների կանխարգելման և վերականգնման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործառույթները:
Քրիստիննե Գրիգորյանը նաև անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ինքնուրույն դիմելու երեխաների հնարավորությանը՝ հավելելով, որ երեխայի լավագույն շահին միտված որոշումների կայացման գործընթացում առանցքային նշանակություն ունի երեխաների հետ չմիջնորդավորված հաղորդակցությունը։
Պաշտպանը ծանոթացել է նաև ճամբարի առօրյային, միջոցառումներին և պայմաններին, զրուցել երեխաների հետ:
Կարծիքներ