Ոստիկանության ծառայողի սպանության, ևս մեկի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակոցներ արձակելու, դրա արդյունքում Ոստիկանության մեկ ծառայողի սպանության և մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի (սպանություն) 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի (սպանության փորձ), 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը, պահելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից՝ նշելով, որ ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ վարութային գործողություններ` դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու համար։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված է։ Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ընթացիկ արդյունքների մասին հետագայում տեղեկատվություն կտրամադրի։
Կարծիքներ