Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանը կապիտան Հայրապետ Ստեփանյանն է
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից․
«Ցավակցում ենք մեր զոհված գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան վիշտը։
Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ոստիկանության Արմավիրի բաժնում ավելի վաղ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։
Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Ոստիկանի սպանության համար կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել և ձերբակալվել է։
Կարծիքներ