Մակունցը անդրադարձավ միջազգային դիտորդների տեղակայման մասին Փաշինյանի առաջարկի արձագանքներին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային դիտորների տեղակայման վերաբերյալ առաջարկին արձագանք է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, ԱՄՆ-ից:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկար Լիլիթ Մակունցը:
Նա նախ նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հայտարարությունն ըստ էության արձագանք էր վարչապետի առաջարկին: «Եղել է արձագանք նաև Միացյալ Նահանգների կողմից»,- ասաց Մակունցը:
Առանձին արձագանքներ հնչել են նաև Կանադայից՝ այն իրավիճակի մասով, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր գտնվում են ՀՀ տարածքում: Մակունցի խոսքով՝ հստակ գնահատականներ են հնչել մի շարք այլ երկրների կողմից ևս, այդ թվում, oրինակ, Լիտվայի: «Կարող ենք այս պահին արձանագրել, որ հանրային արձագանք՝ առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից եղել է՝ ընդ որում բոլոր համանախագահների մասնակցությամբ»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Մակունցը հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ-ն պատրաստ է սկսել խոսել մնացյալ քայլերի հետ կապված, որն արել է իր առաջարկում՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանն արձագանքի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընկերներին՝ այդ առաջարկն ընդունելու վերաբերյալ և հայելանման կերպով հետ քաշի իր ԶՈՒ-ն ՀՀ տարածքից: «Ես կարծում եմ՝ այդ արձագանքից հետո պետք է սպասենք գործնական քայլերի՝ հենց Ադրբեջանական զինված ուժերի կողմից»,-ասաց Մակունցը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով առաջարկել է Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մայիսի 28-ին հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի վերաբերյալ:
Կարծիքներ