Պենտագոնը ցանկություն է հայտնել ազատվել Կուբայի և Վենեսուելայի վրա ռուսական ազդեցությունից
Ռուսաստանի ազդեցությունը Կուբայի, Վենեսուելայի, Նիկարագուայի և տարածաշրջանի այլ երկրների վրա, ենթադրաբար, վատ է անդրադառնում ժողովրդավարական գործընթացների վրա, ուստի Միացյալ Նահանգները ցանկանում է ազատվել Ռուսաստանի ազդեցությունից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Պենտագոնի Հարավային հրամանատարության ղեկավար Լորա Ռիչարդսոնը։
Ավելի վաղ՝ Հարավային հրամանատարությունն իր զեկույցում հայտնել էր, որ Միացյալ Նահանգները հետևում է ռուսական լրատվամիջոցների աշխատանքին Լատինական Ամերիկայում՝ որպես տարածաշրջանում Վաշինգտոնի շահերը խաթարելու փորձ:
«Մենք կցանկանայինք ազատվել ռուսական ազդեցությունից, ինչը լավ չէ ժողովրդավարական երկրների համար: Ձգտում ենք, որպեսզի տարածաշրջանի բոլոր երկրները լինեն բարգավաճ և ժողովրդավարական: Տեսնում ենք, թե այժմ ինչ է կատարվում Վենեսուելայի, Նիկարագուայի և Կուբայի հետ»,- ասել է Ռիչարդսոնը Ատլանտյան խորհրդի միջոցառման ժամանակ: Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը չարամիտ գործողություններ է իրականացնում վերոհիշյալ երկրներում։
Կարծիքներ