Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարին բախվելուց հետո կողաշրջված գազի ավտոցիստեռնը դուրս է բերվել երթևեկելի հատվածից
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 20-ին, ժամը 10։50-ին ահազանգ է ստացել, Սարավան գյուղ-«Զանգեր» հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158-րդ կմ-ին բախվել են «KamAZ» (վարորդ՝ Վ․ Մ․ ծնված 1989 թ․) մակնիշի բեռնատարը և «JAC» (վարորդ՝ Յ․ Ս․ ծնված 1960 թ․) մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռնը, ինչի հետևանքով ավտոցիստեռնը կողաշրջվել է․ճանապարհը միակողմանի փակ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում գտնվող ԱԻՆ Բժշկական ապահովման վարչության աշխատակիցները տուժածներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն։
Ըստ աղբյուրի՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ «JAC» մակնիշի ավտոցիստեռնը ուղղվել և դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը դարձել է երթևեկելի։
Կարծիքներ