Սահմանադրական կարգի տապալման հարցով դատախազություն դիմելու հարցը ավելի շատ քաղաքական է , քան իրավական
Սահմանադրական կարգի տապալման հարցով դատախազություն դիմելու հարցը ավելի շատ քաղաքական է , քան իրավական
1 Հուլիս 2020 | 17:54
Օրերս «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց, որոնք իրենց գործուն մասնակցությամբ նպաստել են իշխանության յուրացմանը և սահմանադրական կարգի տապալմանը:
Իրավաբան Էդգար Շաթիրյանի կարծիքով՝ Սահմանադրական կարգի տապալման հետ կապված ցանկացած քրեաիրավական գնահատական պահանջող արարքի գնահատական պիտի տան մասնագիտացված մարմինները:
«Ես նման փաստերի, որոնք վկայում են սահմանադրական կարգի տապալման մասին, ծանոթ չեմ, բայց եթե ընդդիմադիրները գտնում են, որ կան նման փաստեր, ապա կարող են իրենց պատկերացմամբ առևերույթ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: Բայց դա դեռևս չի նշանակում, որ համապատասխան արարքը տեղի է ունեցել: Եթե մտնենք այսօրինակ դիսկուրսի մեջ, ապա փոխադարձ մեղադրանքների կոնտեքստում հարցն ավելի քաղաքական է , քան իրավական: Սահմանադրական կարգի տապալման, իշխանության զավթման, իշխանությունը յուրացնելու մեջ կարելի է փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել: Բայց մի բան է զուտ քաղաքական հաշվարկների , մարտավարության շրջանակում մեղադրանք հնչեցնելը, մեկ այլ բան` խնդրի իրավական կողմը: Դրան գնահատական կտան մասնագիտացված իրավապահ մարմինները»,-Freenews.am-ի հետ զրույցում ասաց Շաթիրյանը:
Քաղաքագետ Արմեն Վարդանյանն էլ կարծում է, որ իշխանության թույլ տված կիքսերից կամ հավանական բացթողումներից օգտվելու ընդդիմության փորձերը նորմալ են: Freenews.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց. «Այն, որ քաղաքական ճանապարհը տանում են իրավական ճանապարհով, փորձում են իշխանության կատարած սխալներից օգտվել, սա նորմալ պրակտիկա է, և չկա որևէ դատապարտելի բան: Հայաստանի քաղաքական դաշտում համավարակը որևէ ազդեցություն չի թողնում, գործընթացները շատ բուռն են ընթանում ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ճամբարում : Երբ իշխանությունը համավարակի պայմաններում սահմանադրական փոփոխություններ է անում, բնականաբար, ընդդիմությունն էլ չպետք է ձեռքերը ծալած նստի, և այդ գործընթացներում հակաքայլեր պիտի անի: Ընդդիմությունը պետք է մշտապես «նստած լինի իշխանության շնչին» , իշխանությունը պետք է իր թիկունքում զգա նրա շնչառությունը: Այնպես որ այս գործողությունները դատապարտելի կամ անընդունելի չեն»:
Կարծիքներ