Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը մեր երկրին. Հակոբ Արշակյանը՝ Անն Լույոյին
Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին. նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ ապրիլի 4-ին տեղի ունեցած հանդիպմանը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան մշտապես աջակցել է Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:
Հակոբ Արշակյանն առանձնակի ընդգծել է երկու երկրների միջպետական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը:
Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը հիշատակել է մարտի 9-ին Փարիզում կայացած՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված՝ «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովը:
Խորհրդարանի փոխնախագահի համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ այդ համաժողովի անցկացումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը և Արուսյակ Մանավազյանը մանրամասներ են ներկայացրել մեր երկրում իրականացվող ժողովրդավարական գործընթացների ու ներքաղաքական իրավիճակի մասին:
Կարծիքներ