Հնդկաստանի անձրևներից առաջացած հեղեղաջրերը հասել են Թաջ Մահալի պատերին

Հնդկաստանի անձրևներից առաջացած հեղեղաջրերը հասել են Թաջ Մահալի պատերին

Յամունա գետի ափերից դուրս հորդած հեղեղաջրերը Հնդկաստանի Ագրա քաղաքում հասել են Թաջ Մահալ դամբարանային համալիրի պատերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Times of India պարբերականը։

Վերջին 45 տարվա ընթացքում առաջին անգամ հեղեղաջրերը ողողել են Թաջ Մահալի մերձակայքի այգին, որը գտնվում է Յամունայի ափին։

Ըստ դամբարանի պահպանման համար պատասխանատու Հնդկաստանի հնագիտական հետազոտությունների ինստիտուտի՝ ջուրը չի ներթափանցել Թաջ Մահալի նկուղային հարկաբաժիններ, ինչը կարող էր վտանգ ստեղծել 17-րդ դարի կեսերին կառուցված սպիտակ մարմարե շինության համար։

1978 թվականին Յամունայի հորդացման ժամանակ Թաջ Մահալի 22 հարկաբաժիններ լցվել էին ջրով և ծածկվել գետի տիղմով։ Դրանից հետո գետի կողմից կառուցվեցին հատուկ շինություններ՝ դամբարանը հեղեղաջրերից պաշտպանելու նպատակով։ Սակայն Յամունայի հորդացումն այժմ վտանգ է ստեղծում Ագրայի այլ ճարտարապետական ​​և պատմական հուշարձանների համար:

Ներկայում Յամունայի մակարդակը Մատհուրայի շրջանում հասել է 167,28 մ-ի, ինչը բարձր է 166 մ անվտանգ մակարդակից։ Հորդացման պատճառ են դարձել անձրևները, ինչպես նաև ջրի բացթողումը ջրամբարներից, որոնք հյուսիսային Հնդկաստանում մոլեգնած հզոր մուսոնային անձրևների պատճառով չափից ավելի են լցվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում