Մարին Լը Պենը խոստացել է ընտրվելու դեպքում Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական հրամանատարությունից
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Ազգային միավորման առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում մտադիր է երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական հրամանատարությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես երբեք չեմ համակերպվի նրա հետ, որ մեր զորքերը ենթարկվեն ՆԱՏՕ-ի կամ եվրոպական հրամանատարությանը: Ֆրանսիան պետք է վերադառնա դաշինքում իր այն կարգավիճակին, որն ունեցել է 1966-2009 թվականներին»,- հայտարարել է Մարին Լը Պենը:
Նա ընդգծել է, որ հաղթելու պարագայում մտադիր է Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո ՆԱՏՕ-ին առաջարկել Ռուսաստանի հետ ռազմավարական մերձեցում իրականացնել: Լը Պենը նշել է, որ ինքը շարունակելու է պաշտպանական զինամթերքի տրամադրումն Ուկրաինային, ինչպես նաև աջակցությունը հետախուզական հարցերում:
Խոսելով ԵՄ-ի մասին՝ թեկնածուն նշել է, որ մտադիր չէ Ֆրանսիան դուրս բերել կառույցից, այլ ցանկանում է Եվրամիությունը բարեփոխել ներսից:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին: Լե Պենի մրցակիցը գործող նախագահ Էմանուել Մակրոնն է:
Կարծիքներ