Կառավարությունը կփոխհատուցի պատերազմին մասնակից 2 հազար 840 շահառուի ուսման վարձ
Պատերազմին մասնակից շահառուների ուսման վարձը փոխհատուցելու համար արդեն փոխանցվել է 205 միլիոն դրամ։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ ավելացնելով, որ շահառուների թիվը 1373 է:
Ներկայացված նոր նախագծով, որն ընդունվեց կառավարության կողմից, առաջարկվում է վճարել ևս 590 միլիոն դրամ, շահառուների քանակը հասցնելով 2 հազար 840-ի։
«Այստեղ ներառված են ինչպես բուհերի, այնպես էլ քոլեջների շահառուները։ Մոտ 82 տոկոսը պետական բուհեր-քոլեջներն են, 18 տոկոսը ոչ պետական, մասնավոր քոլեջներն են», - ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ պատերազմին մասնակցած ուսանողները պատերազմին մասնակցած անձանց ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողները կստանան մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում։
«Սա բխում է իմ հրապարակած ճանապարհային քարտեզից։ Մենք ֆինանսավորումն ավելացնելու ենք, որ կարողանանք ընդհանուր 7 հազար շահառուի վարձ փոխհատուցենք», - ասաց կառավարության ղեկավարը:
Կարծիքներ