Երևանում վթարի ենթարկված անձինք հարձակվել են բժիշկների և պարեկների վրա
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ավտովթարի ենթարկված մի խումբ անձինք ու նրանց հարազատները հարձակվել են իրենց օգնության հասած շտապօգնության բժիշկների և Երևան քաղաքի գնդի պարեկների վրա՝ տալով հայհոյանքներ, հարվածելով պարեկներին, բժիշկներին և վնասելով շտապօգնության ավտոմեքենան:
Ժամը 23:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 29/3 հասցեի մոտ ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, որը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Ս. Հովհաննիսյանը, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորության երկաթե էլեկտրասյանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ուղևորներ 60-ամյա Ն. Հովհաննիսյանը և 57-ամյա Է. Խաչատրյանը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, ապա՝ տեղափոխվել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ:
Բախման հետևանքով էլեկտրասյունը կոտրվել է, սակայն չի ընկել, քանի որ էլեկտրալարերը պահել են:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մինչ շտապօգնության ու պարեկների ժամանումը՝ դեպքի վայրում բավականին ագրեսիվ պահվածք են ցուցաբերել մի քանի հոգի, այդ թվում՝ տարիքով տղամարդիկ ու երիտասարդ տղաներ:
«Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ անգամ շտապօգնություն ահազանգել է ինքը ու խնդրել, որ շտապ բժիշկների հերթապահ խումբ ուղարկեն։ Բժիշկները շատ կարճ ժամանակում ժամանել են, բայց այդ «տաք գլուխներ»-ի, ժողովրդի լեզվով ասած, «ուղեղները սպրիչով հանածներ»-ին երևի թե թվացել է, որ բժիշկների ժամանումը տևել է մի քանի ժամ: Մինչ այդ դեպքի վայր հասան նաև Երևանի գնդի պարեկները, ու այդ տաք գլուխներից մի քանիսը հարձակվեցին պարեկների, այդ թվում՝ աղջիկ պարեկների և շտապօգնության բժիշկների վրա՝ նրանց հասցեին տալով լկտի հայհոյանքներ:
Այսպես կոչված՝ «հարազատներն» այնքան էին տարված իրենց անպատժելությամբ և դրսևորում էին ոչ ադեկվատ վարքագիծ, որ հայհոյանքներ էին տալիս անգամ վիրավորներին օգնության ձեռք մեկնած բժիշկներին ու պարեկներին: Բանը հասավ նրան, որ սկսեցին հարվածներ հասցնել պարեկներին ու բժիշկներին, իսկ մի երիտասարդ էլ «խոշոր եղջերավոր անասուն»-ի նման հարվածում էր շտապօգնության ավտոմեքենային: Ի վերջո, դեպքի վայր լրացուցիչ ժամանեցին մեծ թվով պարեկներ, Ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ Զեյթունի բաժինների օպերատիվ խմբերը և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության ջոկատի՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետներ»-ը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քանիսին հաջողվել է դիմել փախուստի, բայց Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները արդեն պարզել են բոլորի ինքնությունը, և հաշված ժամերի ընթացքում գլխավոր հրահրիչներից մեկի ծնունդը Կոտայքի մարզի «Լուսաբաց» ռեստորանային համալիրում նշած, դեպքի վայրից փախուստի դիմած «ճիվաղներ»-ը կհայտնաբերվեն»,- ասվում է հրապարակման մեջ:
Կարծիքներ