Հեբեյի նահանգում ավելի քան 1 միլիոն մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Չինաստանի Հեբեյի նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներն իշխանություններին ստիպել են տարհանել ավելի քան 1 միլիոն մարդու: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հաղորդել է նահանգի Հեղեղումների կանխման վարչությունը։
«Օգոստոսի 3-ի ժամը 10:00-ի (Երևանի ժամանակով 06:00-ի) դրությամբ Հեբեյի նահանգում, ընդհանուր առմամբ, այլ վայր է տեղափոխվել 1 229 000 մարդ, որից 857 200 մարդ տարհանվել է հեղեղումների ենթարկված գոտիներից», - հայտնել են վարչությունում:
Օգոստոսի 1-ին հաղորդվել է նահանգի 100-ից ավելի հեղեղված գյուղերից 125 հազար մարդու տարհանման մասին: Վերջին օրերին նահանգում տեղումների միջին քանակը գերազանցել է 146 մմ-ը։
Նահանգի իշխանությունները հեղեղված շրջաններ են ուղարկել անհետաձգելի օգնության ավելի քան 4700 բրիգադ, փրկարարական աշխատանքներում ներգրավվածների ընդհանուր թիվը գերազանցել է 100 հազարը։
Օդերևութաբանները չեն բացառում, որ նահանգում նոր տեղատարափ անձրևներ կլինեն:
Կարծիքներ